Ռոբերտ Քոչարյան. Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը Շուշին հանձնելու մասին
«Ինձ համար ոչ միայն հասկանալի չէ, թե ոնց Շուշին հանձնվեց, ինձ համար ավելի մեծ հարց է առաջացնում, թե ոնց իրենք հայտնվեցին Շուշիի մոտակայքերում: Ջաբրայիլից պիկապներով մտել են, Հադրութն են գրավել, Հադրութից Էդիլու, այնտեղից մտել են Ֆիզուլի, Ֆիզուլիից գրավել են Տող գյուղը, Մեծ Թաղլարը, անցել են Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, ամբողջ Ասկերանի ենթաշրջան, Ավետարանոց ու շրջակա գյուղերով և հասել են Քարինտակ»,-այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, արդյոք Շուշիի ընկնելու, Շուշին հանձնելու կամ Շուշին գրավելու մեջ դավաճանություն կա։
Արցախի առաջին նախագահն ընդգծել է, ոչ մի տեղ այդ երկու շաբաթվա ընթացքում որևէ տեղ նոր բնագիծ չի կառուցվել, չեն կանգնեցրել, ինչ-որ փոքր ուժերով փորձում էին ինչ-որ բան անել այնտեղ:
«Այդ ընթացքում Վիտալի Բալասանյանն առաջարկեց այդ ամբողջ ֆրոնտի պատասխանատվությունն իր վրա դնել, չդրին: Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, թե ինչու այդպես եղավ:
Մեկ շաբաթ Ղարաբաղում բոլորը խոսում էին ինչ-որ մի օպերացիայի մասին, որով պետք է… դուք պատեկարացրեք քարտեզի վրա Հադրութ, էդիլու. օձի պես շատ երկար այնպիսի մի վիճակ էր, որ նույնիսկ զարմանում էիր, թե իրենք ոնց են իրենց թիկունքն ապահովում, ո՞նց են վիրավորներին հանում, և մենք չկարողացանք որևէ տեղ դեմն առնել: Խոսում էին ինչ-որ օպերացիայի մասին, նույնիսկ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեկ օպերացիա են պատրաստում, որով թշնամին կջախջախվի հենց այդ տարածքներում, ուժեր են կուտակել, հավաքներ, խորհրդակցություններ են արել։ Այդպես էլ որևէ օպերացիա տեղի չունեցավ և հայտնի չէ, թե ինչու․ մենք սրա պատասխանը ևս պետք է ունենանք: Ինչո՞ւ չեղավ՝ ես չգիտեմ»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, Շուշիի հետ կապված ինքը բազմաթիվ հարցեր ունի։
«Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան, որևէ ռազմական փորձագետ ևս չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց այնտեղ և չեմ կարծում, որ հիմա մենք ի վիճակի ենք դա պարզել այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը մնա իշխանության: Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը, ուրեմն այս իշխանությունը պետք է հեռանա, և միայն այդ պարագայում հենց իրենք զինվորականները պետք է ճշմարտությունն ասեն»,-ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան