Տիգրան Աբրահամյան. Մեր մեծ պատերազմը դեռ չի ավարտվել, որքան էլ դժվար լինի՝ պայքարը պետք է մինչև վերջ տանել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Երկաթ) ասուլիսի մի քանի դրվագ նայեցի։
Բովանդակության վրա չեմ ֆիքսվի, ասեց բաներ, որոնք Արցախում գտնվողների մեծ մասը պատերազմի օրերին լսել կամ տեսել էր։
Ես որ այդ տհաճ դրվագները ևս մեկ անգամ վերապրեցի։
Բայց այդ խոսքը շատ կարևոր է, որովհետև այսօր էլ մեր հանրության մի մեծ հատված խորությամբ չի տիրապետում տեղի ունեցածին և դրա դառը հետևանքներին։
Մինասյանի խոսքը միշտ էլ մատչելի է, էլ չեմ խոսում գրագետ, պարզ շարադրման մասին։
Այդ ողջ ընթացքում մի բանի մասին էի մտածում։
Թվում էր, թե Աշոտ Մինասյանն ու իր սերունդը իրենց պատերազմն ավարտել էին, սակայն մի խումբ արկածախնդիրների պատճառով ոչ միայն պատերազմը վերսկսեց, այլ մսխեց այն ամենը, ինչը մեր ժողովրդի լավագույն զավակներն էին արյան գնով կերտել։
Աշոտ Մինասյանն այս տարիքում պետք է զբաղվեր իր ընտանիքով, վայելեր կյանքը, ընկերների հետ վերհիշեր իրենց կյանքի պանծալի օրերը, սակայն պատերազմը վերսկսվեց, իսկ նրանց ջոկատը կռվի հենց առաջին օրերից, ռազմաճակատի թեժ կետերում էր։
Մեր մեծ պատերազմը դեռ չի ավարտվել, որքան էլ դժվար լինի՝ պայքարը պետք է մինչև վերջ տանել»։