Փաշինյանը, եթե մի փոքր պարտքի զգացում ունի՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը. Վանեցյան
«Փաշինյանն այլ ելք չունի, անպայման պետք է հրաժարական տա»,- այսօր Կառավարական տան դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի օրը (դեկտեմբերի 8) ժամը 12.00-ն հրաժարական չտա, ապա ժողովուրդն իր պահանջը կներկայացնի անհնազանդության ակցիաների միջոցով։
«Օրենքով նախատեսված բոլոր քայլերին դիմելու ենք՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար»,- նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։
Հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ անհնազանդության ակցիաներ անցկացնելու դեպքում իրավապահ ուժերը կսկսեն ձերբակալություններ իրականացնել, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ՀՀ-ում ոչ միայն իրավապահ համակարգը, այլ նաև պետական կառույցներն այլևս չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին.
«Ոստիկաններն իրականացնում են իրանց աշխատանքը, ապահովում են մեր բոլորիս անվտանգություն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը»։
Ճշտող հարցին, իսկ այդ դեպքում ինչպես մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունները, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ դա դասական քաղաքական հետապնդման փորձ է, որը շատ վատ հետևանքներ է ունենում երկրի համար։
Դիտարկմանը, որ մեկ անգամ էլ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ տրվել՝ հրաժարական տալու համար, այժմ ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀ գործող վարչապետը հրաժարական կտա, «Հայրենիք» կուսակցության ղեկավարն արձագանքեց.
«Այժմ գործընթացները զարգանում են, մենք այն ժամանակ ունեինք խնդիր, ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը գնա, ո՞վ գա։ Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացրեց վարչապետի իր թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Նա էլ հանդես եկավ, կարճ և համառոտ ներկայացրեց, թե ինչ անելիքներ ունի ժամանակավոր կառավարությունը։ Ուստի Նիկոլ Փաշինյանը, եթե ունի մի փոքր պարտքի զգացում՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը, չկառչի աթոռից և թույլ տա, որ այս ծանր իրավիճակում կարող մարդիկ իրենց վրա վերցնեն երկրի ապագայի պատասխանատվությունը»։
Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, մեկ տարի անց, երբ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, Վազգեն Մանուկյանը չի մասնակցի այդ ընտրություններին, նա չի սատարի որևէ քաղաքական ուժի, ինքը պետք է խնդիր ունենա նաև ազատ, անկախ ընտրություններ կազմակերպելու առումով։
Հարցին, ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ այլևս չի կարողանում տեսնել Նիկոլ Փաշինյանին.
«Երեկոյան սղագրությունը տալիս են, փորձում եմ ընթերցել։ Դեռ չեմ հասցրել»։
Դիտարկմանը, որ Փաշինյանն իր ուղերձում նշել է, թե 25 տարի դիվանագիտությունը պարտված է եղել, պարտված դիվանագիտության փաստաթուղթն է ստորագրել ինքը, Վանեցյանն արձագանքեց.
«Ես չեմ ուզում տալ նախկինում արված սխալների կամ դրական արարքների գնահատակները, ես կարող եմ ասել մի բան՝ Փաշինյանը եկավ ու հայտարարեց, որ բանակցությունները սկում է իր կետից, եղել են ձախողումներ նախկինում, թե չեն եղել, այդ հայտարարությամբ պատասխանատվությունը նախկինների վրայից դուրս է գալիս»:
Նա նշեց նաև , որ իրեն շատ վատ է զգում այսօր փողոց դուրս գալով Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար, քանի որ դրա փոխարեն կարող էին բոլորով լծվել գործի և հայրենիքի, ժողովրդի համար մի օգտակար բան անել:
Մեկ այլ դիտարկման, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուզում առաջադրել վարչապետի պաշտոնում, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ դա էլ ընդունելի չէ. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին
- Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան