Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, նա անցյալ է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
«Իշխանությունը փորձում է հնարավորություն չտալ Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքացիների հետ խոսելու և ներկայացնելու, թե այսօր ինչ օրհասական վիճակում է գտնվում մեր երկիրը»,- այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը նշեց, որ իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու հրահանգով հերթական անգամ Գագիկ Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ։
Այնուամենայնիվ, Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդը ԱԱԾ շենքից ուղերձ է հղել հանրահավաքին մասնակցող քաղաքացիներին։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Ազատության հրապարակում այսօր ես պետք է լինեի ձեր կողքին, պետք է խոսեի ձեր հետ՝ մեր երկրին պատուհասած վտանգի և դրանից ելքեր գտնելու հնարավոր տարբերակների մասին։ Բայց, ինչպես գիտեք, հերթական անգամ, վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին գտնվում եմ ԱԱԾ-ում։ Ինձ նորից կանչել են հարցաքննության։
Իշխանությունները հերթական անգամ ապացուցեին, որ սարսափում են ինձնից, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ։ Ես նախկինում ասել եմ ու նորից կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձնից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողի ցասումից։
Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իմ հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները։ Իր աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ։ Որքան էլ ինձ համար ցավալի է այդ մասին խոսելը, բայց ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում։ Ես դեռևս վեց ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ այս իշխանությունները պետք է հեռանան։ Դա իմ անձնական ամբիցիան չէր, այլ մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր։
... Իմ թիվ մեկ մտահոգությունն ու անհանգստությունը Արցախն էր ու Արցախի անվտանգությունը։ Իսկ հիմա՝ Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո, Նիկոլ Փաշինյանն այլևա այլընտրանք չունի։ Որևէ երկրում չի եղել նման բան, որ պարտված, թշնամու առաջ ծնկի իջած, թշնամու կողմից ամենավերջին ձևով ստորացված ղեկավարն ու իր քաղաքական թիմը շարունակեն պաշտոնավարել։ Պետք է ստեղծվի նոր կառավարություն, որը կկարողանա վարել նոր բանակցություններ։ Իհարկե, այս փուլում Արցախը ետ բերել, դժբախտաբար, չենք կարող, բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել ստորագրված փաստաթղթի արդյունքում նախատեսվող հետևանքները։
...Բայց Նիկոլ Փաշինյանը, փոխարենն ընդունի իր խայտառակ պարտությունն ու լուռ հեռանա, ամեն օր փորձում է արդարանալ, ավելին, փորձում է իր խայտառակ պարտությունն ամեն օր բարդել մեկի վրա։ Իր համար մեղավոր են բոլորը, բայց ոչ երբեք ինքը, դա ևս թուլամորթության մեկ դրսևորում է։ Քանի որ սեփական պարտությունն ու սխալն ընդունելու համար մարդը պետք է արժանապատվություն ու թասիբ ունենա։
...Ինձ Նիկոլ Փաշինյանի անձն ընդհանրապես չի հետաքրքրում։ Մարդը, որ չունի տղամարդկային արժանապատվություն՝ ընդունելու իր սխալը, ինձ համար այլևս գոյություն չունի։ Նա այլևս անցյալ է, նա հեռանալու է»,- ասված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր վճռորոշ օր է մեր երկրի և ժողովրդի համար. Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում
- Գագիկ Ծառուկյանին հանրահավաքի նախատեսված մեկնարկից կես ժամ առաջ հրավիրել են ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան