Փաշինյանը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական լեգիտիմություն չունի. Լիլիթ Գալստյան
««Հայրենիքի փրկության շարժումը» վաղուց դուրս է եկել 17 կուսակցությունների ձևաչափից՝ վերածվելով Հայաստանի պետականության պահպանման պայքարի»,- այսօր Կառավարական տան դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, 17 կուսակցությունների ձևաչափից դուրս է եկել այս պայքարը. այն այլևս հայրենիքի փրկության շարժում է, և առանցքում կա մեկ խնդիր՝ Հայաստանի պետականության փրկություն։
«Դուք տեսաք, թե այսօր հանրահավաքն ու երթն ինչ բազմամարդ էին։ Հարթակից հնչեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայքների անունները։ Սա խոսում է այն մասին, որ մեր հանրային ընդվզման ալիքը վաղուց դուրս է եկել Երևանից»,- ներկայացրեց ՀՅԴ ԳՄ անդամը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի ժամացույցը վաղուց էր միացած, որովհետև նա ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական լեգիտիմություն չունի.
«Իշխանությունը վաղուց հոգեվարքի մեջ է, այդ հոգեվարքի կնիքը հաստատվեց նոյեմբերի 10-ի ստորագրությամբ։ Այս իշխանությունն այլևս ռեսուրս չունի, Հայաստանում իշխանության կորուստ ենք արձանագրում, բայց ցավոք իշխանության կորուստի հետ մեկտեղ մեծագույն սպառնալիք կա՝ ուղղված Հայաստանի սուվերենությանը։ Եվ ուրեմն՝ ամեն մեկիս խնդիրն է կանգնել այս հանրային ընդվզման կողքին, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարչախմբի գոյության յուրաքանչյուր օրը սպառնալիք է մեր պետականությանը»։
Լիլիթ Գալստյանը վստահություն հայտնեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հավաքի իր բարոյականության վերջին փշուրները, շուրջը հավաքած իր խմբակցությանը, և հեռանա իշխանությունից՝ հանուն Հայաստանի փրկության։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը, եթե մի փոքր պարտքի զգացում ունի՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը. Վանեցյան
- Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
- Եթե Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, ապա Վազգեն Մանուկյանը հաղթանակների ու արժանապատվության. Լիլիթ Գալստյան