«Հետք». «Ցավ ու վիշտս թողած՝ ընկել եմ դռնեդուռ մահվան վկայական եմ ման գալիս». զոհված զինվորի եղբայր
«Հետք»-ը գրում է՝ Մուսաելյանների ընտանիքը բյուրոկրատական մղձավանջի մեջ է։
Աղբյուրի հետ զրույցում Շամո Մուսաելյանն ասել է, որ արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում պատերազմում զոհված եղբոր՝ Հայկի մահվան վկայականը ստանալ։ Դիրքերից իջնելուց հետո Շամոն ստիպված է եղել ընկնել դռնեդուռ եղբոր մահվան վկայականը ստանալու համար, բայց ապարդյուն՝ պետական մարմինները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են գցում, և հարցն այդպես էլ չի լուծվում։
Քաշաթաղի Տանձուտ գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Շամո Մուսաելյանը և իր եղբայր Հայկը սեպտեմբերի 27-ին իրենց ջոկատով մեկնել են ռազմաճակատ։ Զինկոմիսարիատը նրանց ուղարկել է Ջաբրայիլ՝ Արա լեռ, որտեղ նրանք միացել են ժամկետային զինծառայողներին, օգնել են հրետանավորներին։
Շամոյի խոսքով, իրենց կամավորական խմբից միայն Հայկն էր հրետանավոր, մնացածներն օգնում էին։
«Հոկտեմբերի 4-ին մեր զորքը նահանջում էր, ու մենք պիտի թիկունքից պաշտպանեինք նահանջողներին։ Կռվի ժամանակ ախպերս երկու հոգու հետ մտնում ա, որ երկրորդ փորձից սնարյադները հանի։ Էդ պահին ԱԹՍ-ն ռմբակոծում ա.... Ես մոտ 30 մետր հեռու էի կանգնած, ինձ ալիքը խփեց, ախպերս երկու ժամկետային զինվորի հետ զոհվեցին, մի երեխա էլ վիրավորվեց»,- պատմել է Շամոն։
Նշվում է, որ Հայկի և մյուս զոհվածների կտրտված ու մաս-մաս եղած դիակները նախ տանում են Հադրութի հիվանդանոց, հետո շտապօգնության մեքենայով՝ Ստեփանակերտ։ Շամոն նույնպես բուժզննում է անցնում Ստեփանակերտում, նրան ասում են, որ կողոսկրերի կոտրվածք ունի և պետք է բուժվի։
Բայց Շամոն հրաժարվում է, նրան տանում են տուն՝ Տանձուտ։ Ստեփանակերտի ռմբակոծության պատճառով մեքենաները քաղաքից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել, ինչի պատճառով Հայկի դին Տանձուտ են հասցրել միայն լուսադեմին։ Շամոյի տարեց ծնողների ցանկությամբ Հայկի դին հաջորդ օրը տեղափոխում են Հայաստան՝ Չարենցավան։ Մուսաելյանների ընտանիքը Չարենցավանից է, բայց 1994 թվականից բնակվում են Քաշաթաղում։
«Ամսի 5-ին ապերին բերեցինք Չարենցավան, իսկ ամսի 8-ին հուղարկավորեցինք։ Դրանից հետո ես ու իմ մյուս ախպերը նորից գնացինք ռազմաճակատ»,-ասել է Շամոն։
Քանի որ դեկտեմբերի 1-ին Քաշաթաղը պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, Շամոն իջնում է դիրքերից, և Մուսաելյանների ընտանիքը նոյեմբերի 30-ին վերջին գիշերն է անցկացնում Տանձուտում, որտեղ բնակիչները հավաքում են իրերը, այրում իրենց տներն ու հեռանում։
«Որ դիրքերից իջա, ինձ պապան ասեց, որ Չարենցավանի քաղաքապետարանից Հայկի մահվան վկայականն են պահանջել, որ գերեզմանի համար հատկացված հողը օրինական կերպով գրանցվեն։ Ու էդ պահից սկսվում ա...»,-նշել է Շամոն։
Մահվան վկայականը ստանալու համար Շամոն նախ մոտենում է զինկոմիսարիատ, այնտեղից նրան ուղարկում են Ստեփանակերտի դիահերձարան։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան