Վարչապետը չի կարող բանակցել նրանց հետ, որոնք իրեն ձեռք էին առնում վերջին շրջանում. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին մեկնարկած խորհրդարանական լսումների ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խորհրդարանը պետք է ընտրի անցումային ժամանակաշրջանի վարչապետ, որովհետև այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը։
Ըստ պատգամավորի, վերջին տարիներին պետական մարմինները խզում են ունեցել ՌԴ-ի պետական մարմինների հարաբերություններում, և այդ ուղղությամբ շատ անելիքներ կան: Նա նշեց, որ առաջնային լուծում է պահանջում ռազմագերիների հարցը, նահատակների դիակների փոխանակման խնդիրը, որը հայտարարության մեջ արձանագրված է, բայց այնտեղ վերջնաժամկետ չի նշված։
«Հաջորդ խնդիրը հայտնի GPS-ով քարտեզագրումն է, որի մասին մինչ այսօր ոչ մի տեղ գրված չէ: Այս փաստաթղթում գրված չէ, որևէ հայտարարություն չկա, բայց տեսնում ենք, որ սահմանները GPS-ով դեմարկացիայի են ենթարկվում։ Կարծում եմ՝ գործող իշխանությունն ունակ չէ այս խնդիրների շուրջ բանակցել։ Այսօր դեկտեմբերի 7-ն է և այս անցած շրջանն ապացուցում է, որ ունակ չէ և չի կարող լուծել խնդիրը»,- հայտնեց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը նկատեց, որ ներկայում հասարակությունը ավելի շատ է պառակտված, նույնիսկ՝ սփյուռքից եկած դրամական ներդրումների, դրանց ծախսման խնդիրների առումով և հիշատակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատմության օրինակը:
Էդմոն Մարուքյանի խոսքով, երկրում հանրային անվտանգությունը վտանգված է, և պետական մարմինները պետք է ամրապնդվեն։ Այդ նպատակով «Լուսավոր Հայաստան»-ը դեռ նոյեմբերի 14-ին հայտարարությամբ առաջադրել էր 13 հարց, որոնցով առաջարկել էր, որ պարտության սիմվոլ վարչապետը հեռանա, խորհրդարանն ընտրի վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն, բարձր մակարդակի վրա դրվի հայ-ռուսական հարաբերությունները, կայունացվի ներքին իրավիճակը, պատշաճ կերպով հոգ տարվի զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքները և այլն։
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պատերազմը նման ձևով ավարտվելուց հետո չի կարելի թույլ տալ, որ երկրի ներսում էլ քաղաքացիական բախումներ լինեն և հույս հայտնեց, որ այս քննարկումները նրա համար է, որ դա տեղի չունենա:
«Եթե վարչապետը հրաժարական չի տալիս՝ լինում է շատ վատ: Հայաստանում ներքին կյանքի կայունություն, խաղաղություն, հաշտություն, միասնություն չի լինելու: Երկրորդ՝ տնտեսությունը շարունակելու է անկում ապրել, երրորդ՝ բանակցություններում, եթե նա ներկայանա այն մարդկանց մոտ, որոնք իրեն ձեռք էին առնում վերջին շրջանում, ինքն էլ՝ մինչև այդ, չի կարող ունենալ հայանպաստ որևէ բան և մեր առաջարկած 13 ուղղությամբ ես դրական սպասելիք չեմ կարող ունենալ»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարի ասածից, մենք սկսեցինք ուղղակի ամաչել. Էդմոն Մարուքյան
- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան