Սկսվում է պատմամշակութային պատերազմ. Վարդան Դևրիկյան
Գիտական առումով որևէ քննադատության չի դիմանա ադրբեջանական կողմի տեսակետը՝ Արցախի եկեղեցիներն աղվանական ներկայացնելու հետ կապված, սակայն հայկական կողմը հսկայական աշխատանք ունի անելու: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:
«Մենք մեր տեսակետն աշխարհին պետք է ներկայացնենք հիմնավորված: Դա հնարավոր է կատարել միջգիտակարգային միջոցներով, այսինքն՝ պետք է լինի Պատմության, Արևելագիտության ինստիտուտների, ազգագրության հստակ աշխատանք»,- նշեց նա:
Վ.Դևրիկյանի խոսքով, պատերազմի ժամանակ ինֆորմացիոն պատերազմում պարտվել ենք, դրանցից հետո քարտեզագրաման պատերազմում էլ, ըստ էության, տանուլ ենք տալիս:
«Քարտեզագրական պատերազմում էլ Ադրբեջանն առարկայորեն մեր երկրի վրա նպաստավոր դիրքեր է գրավում: Հայտարարում եմ, որ սկսվում է պատմամշակութային պատերազմ: Այդ պայմաններում, եթե ընդունվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ներկայացված նախագիծը, այն այս պատերազմում մեզ ուղիղ գծով կտանի պարտության:
Ինչո՞ւ համար է նման օրենքը տարվում Ազգային ժողով: Նախագիծն ուղարկողները դա գիտակացո՞ւմ են, թե՞ նպաստում են, որպեսզի կրենք նոր պարտություններ»,- ասաց բանասիրական գիտությունների դոկտորը:
Վարդան Դևրիկյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, իսկ այս պատերազմին ոչ: Քանի որ ականտես չի եղել, չկարողացավ կոնկրետ պատասխանել, թե ինչն էր հայկական կողմի պարտության պատճառը:
«Տարբեր, հակասական բաներ էինք լսում: Ամեն դեպքում մեր երկրի ներսի մթնոլորտը որևէ առումով նպաստավոր չի եղել, որպեսզի մենք կարողանայինք պատերազմում հաղթել, ավելի արդյունավետ դիմադրություն ցույց տայինք: Հասարակության պառակտվածությունը, շատ հարցերում ինքնավստահությունը… Պատմությունն ամենամեծ դատավորն է, այդ հարցերը վեր կհանի, բայց ամեն դեպքում հիմա մենք պետք է սթափ կարողանանք նայել, ամեն օր պարտությունների ընթացքի մեջ ենք:
Պետք է մի կետում դիրքավորվենք, դրանից այն կողմ չնահանջենք և փորձենք առաջ գնալ: Այսօրվա մեր բոլոր քայլերը պետք է նպատակամղված լինեն դրան: Եթե դա չարվեց, արդեն ինձ իրավունք կվերապահեմ շատերի նման մտածելու, որ այս պարտությունը կանխամտածված էր»,- ասաց Վարդան Դևրիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համլետ Պետրոսյան. Արցախում և Ուտիքում քրիստոնեական հուշարձանների վրա չկա և ոչ մի էթնիկ աղվանական կամ ուտիական հետք
- Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է