Դպրոցում ցո՞ւրտ է. Զանգահարել թեժ գիծ՝ 8107
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում՝ միաժամանակ իրականացնելով մշտադիտարկումներ այս ուղղությամբ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։
Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով:
Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`
. Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։
. Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,
2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:
• Հաստատությունների շենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:
Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից: