ՀՀ ԱԳՆ. Երևանը հույս ունի, որ Բաքուն չի խաթարի՝ գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման գործընթացը
Հայաստանը պատրաստ է ռազմագերիներ փոխանակել Ադրբեջանի հետ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և հուսով է, որ Բաքուն ևս նման դիրքորոշում կունենա: Այս մասին դեկտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
Շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին և Ռուսաստանի արտգործնախարարին ջերմ ընդունելության և կառուցողական, բովանդակալից երկխոսության համար՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է հանգամանքը, որ սա իր՝ որպես ՀՀ ԱԳՆ, առաջին այցն է Մոսկվա։
«Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները նոր խթան կդառնան մեր դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար»,- ասել է Արա Այվազյանը:
Նա հայտնել է, որ հանդիպման ընթացքում, բնականաբար, հիմնական շեշտը դրվել է վերջին ամիսներին տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցի քննարկման վրա՝ նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարության լույսի ներքո.
«Ռուսաստանը կարևոր դեր խաղաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան կասեցնելու գործում, որը տևեց ավելի քան 6 շաբաթ»:
Նրա խոսքով, ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում պայման է ստեղծում տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման համար և երաշխիք է՝ կանխելու Ադրբեջանի, նրա տարածաշրջանային հովանավոր Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված ահաբեկչական խմբերի սադրանքները։
«Մարդասիրական հիմնախնդիրների համատեքստում առաջնահերթ խնդիր է ռազմագերիների և գերիների անհապաղ և անվերապահ փոխանակումը, ինչպես նաև աճյունների վերադարձը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք փոխանակում իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը չի փորձի խափանել գործընթացը»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն:
Արա Այվազյանը նկատել է նաև՝ ադրբեջանական կողմը չի դադարեցնում պատանդ պահվող հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը.
«Մեր ռազմագերիները, քաղաքացիական անձինք, որոնք ժամանակ չունեին լքել իրենց տները, դաժանորեն խոշտանգվել են, գլխատվել։ Վանդալիզմի և սրբապղծության դրսևորումները Արցախի հայկական հուշարձանների, կրոնական վայրերի, եկեղեցիների և տաճարների նկատմամբ նույնպես աղաղակող են»։
Նա նաև նշել է՝ իրականում Թուրքիան, որպես ղարաբաղցիների դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրող և ոգեշնչող, շարունակում է վարել տարածաշրջանին վնասող քաղաքականություն:
«Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված անձնակազմին և դրան հարակից ահաբեկչական խմբավորումներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասից: Առայժմ հստակ ազդանշաններ չկան գոտուց օտարերկրյա ահաբեկիչների դուրսբերման վերաբերյալ: Ընդհակառակը, հավաստի տեղեկություններ կան զինյալների, ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունն ընդլայնելու և Արցախի գրավյալ շրջանները ահաբեկիչներով վերաբնակեցնելու Ադրբեջանի ծրագրերի մասին: Այսօր կայացած բանակցությունների ընթացքում մեկ անգամ ևս նախանշվեց Արցախի 150,000 բնակիչների բոլոր իրավունքների վերականգնման համար»,- շեշտել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների ազատ արձակումը և զինծառայողների մարմինների փոխանակումը գլխավոր հարցն է․ ՄԻՊ
- Լավրովի հետ հանդիպմանը Այվազյանը բարձրաձայնեց հայ գերիների նկատմամբ ադրբեջանցիների բարբարոսությունների մասին
- Լավրով. Մեր խաղաղապահների միջոցով ամեն ձևով կնպաստենք գերիների հնարավորինս շուտ փոխանակմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը