ԳԱԱ. Անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ից
Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Գիտությունների ազգային ակադեմիան հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ ասված է.
«ՀՀ կառավարությունն իր 03․12․2020թ․ նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հավանություն տվեց՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Որոշումն ընդունվեց, երբ երկրում հրատապ լուծում պահանջող մի շարք կարևորագույն՝ հումանիտար, տնտեսական, սոցիալական, պաշտպանական և բազմաթիվ այլ խնդիրներ կան:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լայնորեն քննարկվել է ԳԱԱ գիտական կազմակերպությունների կոլեկտիվների ժողովներում, ԳԱԱ տնօրենների խորհրդում, ԳԱԱ անդամների ժողովում: Բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ և դիտողություններ պարբերաբար ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հիմնականում չեն ընդունվել, նույնիսկ ներկայացված ամփոփագրերում զարմանալիորեն արտացոլված չեն:
Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը, և վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը: Վերացվում են ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված ԲՈՒՀ-ական և գիտական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը:
Անընդունելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի այս ծանր ժամանակաշրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նման նախագծի՝ առանց վերջնական հանրային քննարկումների և հավանության արժանանալու հրատապ կերպով օրակարգ բերելը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ԳԱԱ-ն պահանջում է.
1. անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից
2. շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ բարձրագույն կրթության և գիտության զարգացումն ապահովող հայեցակարգային դրույթների և օրենքների նախագծերի մշակման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Բժշկական համալսարան. Հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
- «Շըփ-թըփ» տարբերակով բուհերն անմիջական կախման մեջ են դնում քաղաքական իշխանություններից. Մենուա Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան