Խմբակցությունների հետ Մարությանը հանդիպել է պարգևատրումների ֆոնդը 1.9 մլրդ դրամի հասցնելու հարցով. Դավիթ Խաժակյան
«Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետն ավագանու խմբակցությունների հետ հանդիպել է ընդամենը 2 անգամ: Որպեսզի պատկերացնեք ճգնաժամը, նշեմ, որ այդ հանդիպումը եղել է 2021 թվականին բյուջեում ներառվող պարգևատրումների ֆոնդը 1.9 մլրդ դրամ ծավալի հասցնելու հարցով»,- այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հիմնավորելով Հայկ Մարությանի և ավագանու մեծամասնության հեռանալու իր պահանջը:
Անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության գործունեությանը՝ Խաժակյանը նկատեց, որ այն սկիզբ է դրել ատելության անհանդուրժողականության մթնոլորտին, իսկ սևի ու սպիտակի պայքարի մասին առաջին անգամ հայտարարվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, որը հետագայում դակվեց Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Այն քաղաքական ճգնաժամը, որը քննարկվում է այստեղ, պետք է իր հանգուցալուծումը գտնի և արտացոլումը ստանա Երևանի ավագանիում»,- հայտարարեց Խաժակյանը և հիշեցնելով, որ ընտրողների մեծ մասը ձայն էին տվել «Իմ քայլը» դաշինքին, որպեսզի նախորդ խորհրդարանը լուծարվի և ճգնաժամը հաղթահարվի՝ պնդեց, որ ներկայում էլ կա ճգնաժամային իրավիճակ, որը թույլ չի տալիս բազմաթիվ խնդիրներ լուծել և հիմա էլ նրանք պետք է հեռանա:
«Քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը ենթադրում է, որ Փաշինյանը ձեռք-ձեռքի բռնած Մարությանի հետ պետք է հեռանան, պետք է հեռանա նաև «Իմ քայլը» դաշինքը, որը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել նաև քաղաքային մակարդակում»,- հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավարը:
Նկատելով, որ Հակ Մարությանը փորձում է խուսանավել՝ ասելով, որ ինքը քաղաքական թիմի կայացրած որոշումների հետ կապ չունի՝ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետն այդ թիմի անդամն է, գլխավոր պատասխանատուներից մեկը և նա ևս պետք է հեռանա:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը չի կարող բանակցել նրանց հետ, որոնք իրեն ձեռք էին առնում վերջին շրջանում. Էդմոն Մարուքյան
- Պաշտպանության նախարարի ասածից, մենք սկսեցինք ուղղակի ամաչել. Էդմոն Մարուքյան
- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ