Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցին է
1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում, ուր ապրում էր 1 միլիոն մարդ, տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ցնցվել է Հայաստանի հյուսիսային շրջանները: Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ:
Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան է մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, նրանցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհվել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար մարդ) և Սպիտակում (4 հազար մարդ):
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է կրթական 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ։
32 տարի է անցել Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժից։
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ:
Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղաղախստանից և ԽՍՀՄ մյուս Հանրապետություններից Հայաստան էին ժամանել հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Նրանք իրենց հետ բերում էին սննդամթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա և այլն։
Մինչ օրս երկրաշարժի հասցրած վնասն ամբողջությամբ վերականգնված չէ. կան ընտանիքներ, որոնք դեռ շարունակում են բնակվել վագոն-տնակներում, սպասում են, թե երբ պետք է իրենց բնակարան ստանալու հերթը հասնի։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
- 2020-ին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 226 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն
- Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան