Աննա Մայիլյանն առաջարկում է մշակութային ագրեսիա
«Ստեղծված իրավիճակում մենք կարող ենք միայն մեկ բան անել՝ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- մտավորականների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ ասաց մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը՝ նշելով, որ սա է իր միակ առաջարկությունը, նաև ցանկությունը:
Ըստ նրա, պահաջում է այն մարդու հրաժարականը, որը ազգային դավաճանության, հայրենազրկման պատճառն է:
«Մեկ մարդու վրա գուցե չի կարելի բարդել, բայց այդ մարդը վերցրել է պատասխանատվություն, և պետք է գիտակցեր դրա չափը: Չի արել դա, և, բնականաբար, պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց նա:
Հավաքին ներկա ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանն ասաց, որ լավատես է, կարծում է՝ հարություն կառնենք և հողերը կվերադարձնենք, իսկ մեր զինվորը հերոս է, երբեք չի պարտվել:
«Ես ունեմ կոնկրետ երկու առաջարկ: Միշտ խոսում եմ թուրքամետ մշակույթի դեմ, և ես դարձել եմ թշնամի իմ սեփական ժողովրդին: Սա փաստ է: Ես նաև մտել եմ սև ցուցակների մեջ: Մենք պետք է անպայման բարձրացնենք մշակույթի գործչի վարկանիշը: Մշակույթի, արվեստի գործիչն այսօր պետք է թելադրող լինի, այլ ոչ թե լինի շատ ցածր և չկարողանա պայքարել թուրքամետ մշակույթի դեմ»,- նշեց երգչուհին:
Աննա Մայիլյանի խոսքով, քանի որ Սյունիքը հիմա վտանգված է, առաջարկում է մշակութային ագրեսիա. «Առաջարկում եմ ինչ-որ հետաքրքիր ֆեստիվալի հիմք ունենանք, և այնտեղ հենց այսօրվանից խոսվի այդ փառատոնի մասին: Թող սկսվի հենց հունվարից, լինի երկարատև: Ինչու չէ՝ ձմեռային ֆեստիվալ»:
Վաստակավոր արտիստի երկրորդն առաջարկն է. «Մենք ունենք մեծ բանակ, ռաբիս ենք ասում, եկեք ասենք թուրքամետ երաժշտության երաժիշտների մեծ բանակ: Մարդիկ մեղավոր չեն, ծառայում են պահանջարկին:
Եկեք մշակույթի գործիչներով ստեղծենք մաստեր կլասի խմբակներ, որտեղ մեր ուրախացնող ռաբիսները հայ ազգային երգի վերապրոֆիլացման դասեր կանցնեն: Հայ ազգային երգը բացարձակ լացակումած չի, չի ծառայում թաղումների համար, բարձր որակի, հրաշալի երգեր են: Ինչո՞ւ պետք է խեղճանանք և վախենանք պայքարել մի բանի դեմ, որն այսօր ապազգային է, խանգարում է մեր մշակույթին, երկրի բրենդավորմանը: Գնում եմ տարբեր երկրներ շարականներով, ազգային ժողովրդական երգերով, զգում եմ՝ կատարում եմ մեկ պետության դեսպանի դեր»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան