Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
«Սիրելի քաղաքացիներ՝ այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար: Չտրվեք սադրանքների, ամեն ինչ պետք է լինի օրինականության և Սահմանադրության շրջանակներում»,- ժողովրդին դիմելով՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 5-ին «Հայրենիք փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ միասին վերահաստատել են Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը, հանրահավաքից հետո պահանջը փոխանցել իրեն՝ ժամանակ տալով մինչև այսօր ժամը 12:00-ն՝ տալ հրաժարական ու հեռանալ:
«Արդեն 12:00-ն անցել է, ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, հետևաբար այս պահից սկսած մինչև 17:00-ն Հայաստանի քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը:
Նա դիմեց քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողություներն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների: Ի. Սաղաթելյանը դիմեց իրավապահ համակարգին՝ ապահովել Հայաստանի քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը, երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովորդի նկատմամբ:
«Մեկ անգամ ևս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին:Նիկոլ, միևնույնն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությանը, պետականությունը: Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովորդի և պետության համար:Նիկոլ, հեռացիր»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
- Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց