Ուղղակի խելագարություն է, որ դեռևս երկրում սգո օր չի հայտարարվել. կինոռեժիսոր Սամվել Թադևոսյան
«Բոլորն այսօր խոսում են պարտության մասին, բայց կա մի խավ, որը չի պարտվել: Դա հայ զինվորն է, զինյալն է»,- մտավորականների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ ասաց կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
Այս խոսքին հաջորդեց երկարատև հոտնկայս ծափահարություններ:
«Մտավորականությունը պետության դիմագծի անբաժանելի մասն է: Արցախյան պատերազմում 12 պոետ է զոհվել, 6 կոմպոզիտոր, քանդակագործներ, նկարիչներ, նաև կինոռեժիսոր: Այս պատերազմի ժամանակ էլ զոհվել է գնդերեց, դերասան, աշխարհի չեմպիոն»,- նշեց կինոռեժիսորը:
Այնուհետև նա հարցադրում արեց. «Արդյոք մենք բավարար չափով սիրեցինք Արցախը: Ո՛չ: Մենք Արցախին նայեցինք որպես մի մեծ կճուճ, որի մեջ ոսկի կա. ով ինչքան հիդրոկայան ստեղծեց, ով ինչքան հյուրանոց ստեղծեց: Արցախում 15 հանք կա, որոնք շահագործվում են, որոնք օրական խայտառակ հարստություն են դուրս բերում: 35 հիդրոկայան կար, որևէ կտրված ոտքով զինվոր օգնություն ստացե՞լ է այդ կայանների շահույթից: Մենք ոնց կարողացանք, մսխեցինք Արցախը»:
Սամվել Թադևոսյանի խոսքով, ծիծաղելի է, որ պատերազմում տանուլ տված իշխանական, զինվորական զանգվածը նստած է իր աթոռներին: Մտավորականը կոչ արեց վաղվանից ապրել տագնապի հորմոնով:
Նա նաև հիշեցրեց, որ երկրում մինչ այսօր սգո օր հայտարարված չէ:
«Եթե մեկը փորձի ինձ բացատրել, թե պատճառն ինչ է, ծնկաչոք ներողություն կխնդրեմ: Դա ուղղակի խելագարություն է»,- ասաց մտավորականը:
Ըստ նրա, պատճառն այն է, որ այս երկրի տերերն այս երկրի հետ կապ չունեն:
«Հայրենիքի մասին այս կարգի մոտեցում ունեցող մարդուց ավելին մի պահանջեք: Մարդն իր տեղում չէ: Սա ուղղորդված, տևականորեն… Ինքն ու իր լկտի խումբն, իհարկե, որոնք միամիտ այս ու այն անկյուններից էին դուրս եկել ու որևէ ասպարեզում չէին երևացել, բացի այն տղան, որ այդպես էլ չեն պարզել՝ աղջիկ է, թե տղա, որ քաղաքը վստահել են իրեն մասսաները: Լեզուս ծակվում է դրանց անունները տալուց: Դրանք բջիջներ էին, Սորոսից սնվող մարդիկ էին, որոնք հայրենիքը բզկտում, մաշում էին ներսից: Պատեհ պահին եկան առաջին պլան»,- ասաց Սամվել Թադևոսյանը:
Նա առաջարկեց մինչև տարեվերջ սգո օր հայտարարել. «Այդ իրավունքն ունենք: Վստահ եմ, եթե առաջարկությունը գնա հայրենի իշխանություններին, մերժվելու է: Առաջարկում եմ Հայաստանի իշխանությունից դուրս կազմակերպել դա ու հայտարարել սգո օր: Իմ խորին համոզմամբ, Հայաստանի իշխանությունը մեր հետ կապ չունի»:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մայիլյանն առաջարկում է մշակութային ագրեսիա
- Խայտառակ հայտարարությամբ պանթուրանական ծրագրի կատարման կարևոր կետն ապահովում ենք. Ռ. Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին