Հայ գերիներին վերադարձնելու հարցով ԱԺ-ն ուղերձ հղեց միջազգային հանրությանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդունել ԱԺ ուղերձ՝ գերության մեջ հայտնված անձանց, ինչպես նաև զոհերի մարմինները վերադարձնելու հետ կապված։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և զոհերի մարմինների վերադարձը, ինչպես նաև թաքցնում է գերության մեջ գտնվող անձանց թիվն ու շարունակում է նրանց նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն ու խոշտանգումները, ՀՀ ԱԺ-ն ուղերձով դիմում է միջազգային հանրությանն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին, որպեսզի վերջիններս հորդորեն Ադրբեջանին՝ վերադարձնել հայ գերիներին։
«Բացի այդ, միջազգային կառույցներին կոչ ենք անում պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը գերիների նկատմամբ։ Ինչպես նաև պահանջում ենք պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներից, հանրային ու քաղաքական գործիչների խոսքից, ԶԼՄ-ներից, սոցիալական ցանցերից և այլն։
Մենք նաև կոչ ենք անում առավելագույն ջանքերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն ու պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից ամեն կերպ խուսափելու քաղաքականությունը։ Եվ վերջում, մենք կոչ ենք անում նաև գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խիստ պահպանմանը»,- ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց նաև, որ այս ուղերձը պետք է դրվի քվեարկության, որից հետո այն կթարգմանվի ՄԱԿ-ի բոլոր լեզուներով և կուղարկվի միջազգային բոլոր կառույցներին՝ որպես հայկական միասնական քաղաքական կամքի դրսևորում։
Նախքան ուղերձի ընդունումը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը՝ նման նախաձեռնության համար։
«Երեկ մինչ ուշ գիշեր ուղերձի տեքստն է մշակվել, բնակաբանար, մենք կողմ ենք քվեարկելու այս ուղերձին»,- ասաց նա։
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ վարման կարգով նշեց, որ իրենք ևս կողմ են քվեարկելու.
«Բայց ուզում եմ նաև հայտնել, որ գերիների հարցով փակ նիստի ընթացքում ԲՀԿ-ն չստացավ այն հարցերի պատասխանները, որոնց շուրջ այսօր լինում են քննարկումներ»։
Պատգամավորների՝ վարման կարգով ելույթներից հետո ԱԺ ուղերձը դրվեց քվեարկության։
Այն ընդունվեց՝ 100 կողմ ձայնով։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունն ուզում է գերիների հարցով բաց քննարկում իրականացնել, սակայն իշխանությունը դեմ է
- Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման մասին. Միհրան Հակոբյան
- Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը կքնարկվի ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան