1 տուգանային միավոր կկիրառվի՝ անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար. փոխոստիկանապետ
Խորհրդարանը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով, նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության (ՃԵ) ոլորտում կատարվող իրավախախտումների համար կատարվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշտաճ գործարկումն ու կանխարգելել ՃԵ կանոնների հնարավոր խախտումները՝ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև երաշխավորել չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը։
«Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխություններով, այն խախտումների դեպքում, որոնց համար վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու պարագայում կսահմանվի վարչական տուգանք։
Բացի այդ, առաջարկվում է, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ 1 տուգանային միավոր կիրառել անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար»,- ներկայացրեց Արա Ֆիդանյանը։
Հիշեցնենք, որ առաջարկվում է նաև ՃՈ ծառայողների կողմից բալային միավորների կիրառումը հետաձգել մինչև 2022 թվականի հուլիսի 1: