ԱԺ-ն քննարկում է նոր, ավելի մեղմ պատիժներով «Քրեական օրենսգրքի» ընդունման հարցը
Խորհրդարանը քննարկում է նոր «ՀՀ քրեական օրենսգիքի» ընդունման մասին հարցը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագիծը նախատեսում է համակարգային նոր լուծումներ, որոնք միտված են հանցավոր արարքների դեմ պետության հակազդեցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև «Քրեական օրենսգրքի» և պետության մոտեցումների ներդաշնակության ապահովմանը։
«Ներկայումս գործող «Քրեական օրենսգիրքը» ուժի մեջ է մտել 2003 թվականին, և այն ենթարկվել է մի քանի տասնյակ փոփոխությունների ու լրացումների։ Դա էլ հանգեցրել է տարբեր հակասությունների և բացերի առաջացման։ Նախագծի ընդունման կարևորությունն առկա թերությունների և բացերի վերացումն է»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ նոր «Քրեական օրենսգրքում» մի շարք առանցքային հարցեր են հաշվի առնվել։
«Մասնավորապես՝ հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել է նաև հանցանք կատարած անձին՝ իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, ինչպես նաև նրան՝ որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելն ու ինտեգրելը։
Քրեակատարողական ոլորտի ռազմավարության նպատակներին համահունչ, նախագծում որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը։
Այսինքն՝ պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման հարցը դարձել է առանցքային։
Հատկանշական է, որ այս պարագայում ազատազրկումը պետք է դիտարկվի որպես ծայահեղ միջոց։ Այս առումով նաև հստակ ամրագրվել է՝ առաջին անգամ ոչ ծանր հանցանք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման։ Ընդարձակվել է նաև ազատազրկմանը որպես այլընտրանք հանդիսացող պատիժների ցանկը՝ նախատեսելով այլընտրանքային նոր պատժատեսակներ, օրինակ՝ ազատության սահմանափակումը տնային կալանքով, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ-ից վտարելը»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը։
Նա նաև նշեց, որ այլընտրանքային պատժամիջոցների դեպքում կարող են օգտագործվել էլեկտրոնային հսկողության միջոցներ, որոնք թույլ կտան հետևել անձի վարքագծին։ Ըստ նրա, կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման գործելակարգերը։ Օրինակ, դատարանները կարող են «հանրային աշխատանքներ» պատժամիջոցը կիրառել՝ առանց որևէ նախապայմանի։
«Հիմնովին փոխվել է նաև «տուգանք» պատժատեսակը, որի նախնական սահմանաչափը լինելու է ոչ թե 1000 դրամը, այլ անձի ամսական եկամուտը, որի հստակ մեխանիզմը կներկայացնենք երկրորդ ընթերցման ընթացքում»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Նա հավելեց, որ նախագծի մշակմանը ներգրավված է եղել աշխատանքային խումբ, որը բաղկացած է իրավաբան-գիտնականներից։