Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչներն Արցախում են
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ։ Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարը ողջունել է հյուրերի` Արցախ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նախաձեռնությունը: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել կուսակցության ղեկավարությանը Ֆրանսիայի Սենատում ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից լինելու և խմբակցության ամբողջ կազմով կողմ քվեարկելու համար:
«Ֆրանսիան այն եզակի երկրներից էր, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու համար նախաձեռնություն ցուցաբերեց: Ցավում եմ, բայց միջազգային հանրությունն այդպես էլ պատշաճ կերպով չարձագանքեց Ադրբեջանի ծավալած ագրեսիային, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ: Արցախի դեմ կատարվածն իրականում ավելի է մեծացրել անվտանգային սպառնալիքները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական երկրների նկատմամբ»,- ասել է Ա. Հարությունյանն՝ ընդգծելով ռուս խաղաղապահ զորակազմի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման և Արցախի հետագա զարգացման գործընթացներում:
Ըստ աղբյուրի, Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ընդունելության և տեղի ունեցող զարգացումներին ծանոթացնելու համար: Նա դատապարտել է տեղի ունեցած ռազմական հանցագործությունները և պատրաստակամություն հայտնել Արցախի ճանաչման հարցը հետագայում ևս հետևողական կերպով առաջ տանելու համար:
Հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրապայի գրասենյակի ներկայացուցիչներն, անդրադարձ է եղել ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման պրոցեսը կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու, ինչպես նաև պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան