Վանաձորն ու Հրազդանը միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
Մայրաքաղաք Երևանից զատ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են անցկացվում նաև մարզերում։
Վանաձորում և Հրազդանում քաղաքացիները դուրս են եկել փողոց և պնդում են՝ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած վարչապետն ու իր թիմը պետք է հեռանան։
Վանաձորցիները «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով կոչ են անում համաքաղաքացիներին՝ միանալ իրենց պայքարին։
Մինչ նրանք իրականացնում էին իրենց խաղաղ ակցիան, մի քաղաքացի մոտեցավ և սկսեց վանկարկել «Նիկոլ, վարչապետ»։
Ակցիայի մասնակիցներից մեկը մոտեցավ նրան՝ հասկանալու, թե ինչու է եկել և միջամտում իրենց խաղաղ ակցիային, սակայն ոստիկանները հեռացրին Փաշինյանի վարչապետությունը պահանջող քաղաքացուն։ Իսկ ակցիայի մասնակիցները միմյանց կոչ արեցին՝ չտրվել սադրանքներին։
Իսկ ահա Հրազդան քաղաքում ակցիայի մասնակիցները միաձայն ասում են. «Թուրքի առաջ կզած վարչապետը պիտի հեռանա»։
«Աղետաբեր այս իշխանությունը չի կարող բանակցային գործընթացում ուղղել մեր մեջքը և գոնե փրկել այն, ինչը հնարավոր է։ Այս իշխանության հեռացումն օր առաջվա հրամայական է։ Ամբողջ հանրապետության տարածքում սկսվել է ապակենտրոն պայքար։ Եվ մեր պայքարն ուղղակի պետք է պարտադրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն՝ դադարեցնել իր լիազորություններն ու անցնցում կերպով հեռանալ։ Խորհրդարանն էլ պիտի ունենա կամք, որպեսզի Վազգեն Մանուկյանին փոխանցի գործադիրի ղեկավարի լիազորությունները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժում»-ը Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12.00 ժամանակ էր տվել, որպեսզի վերջինս հրաժարական տա։ Հակառակ դեպքում, ըստ շարժման մասնակիցների, իրենք սահմանադրական ճանապարհով՝ այդ թվում նաև բողոքի և անհնազանդության ակցիաներով են պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում պահանջում են «առանց Նիկոլ Հայաստան»
- Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
- «Դավաճանը ժամ առաջ պետք է հեռացվի իշխանությունից». Փակ է Սախարովի հրապարակը
- «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան