Արավուսից ավելի քան 51 հա սեփական և պահուստային հող մնացել է Ադրբեջանին. պատգամավոր
«Կուզեի, որ որևէ մեկն այսօր խոսեր սահմանների գծանշման կարգի մասին։ Մի մոռացեք, որ մենք ունենք ՀՀ օրենք, որով հստակ սահմանվում է՝ պետական սահմանը որոշվում է ՀՀ օրենքով և միջազգային պայմանագրերով»,- այսօր խորհրդարանում նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Նա հետաքրքրվեց, թե արդյոք այժմ պահվում են այդ օրենքները՝ սահմանագծման աշխատանքներում։
«Այդ նույն օրենքով ամրագրված է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հարցը, մինչդեռ գործող վարչապետը նշեց, որ GPS-ով են առաջնորդվում սահմանները գծանշելիս։ Այսօրվա տեղեկություններով, նոր գծանշման հետևանքով՝ Սյունիքի մարզի Արավուս համայնքից ավելի քան 51 հա սեփական և պահուստային հող մնացել է Ադրբեջանին։ Փոխմարզպետը հերքում է այս լուրերը, իսկ բնակավայրի վարչական ղեկավարը՝ հաստատում»,- նշեց պատգամավորը։
Միևնույն ժամանակ նա հռետորական հարց հնչեցրեց՝ արդյոք սուտ ասելով այդ հողերը վերականգնվելու են։ Ըստ Սրբուհի Գրիգորյանի, եթե գործը երևակայությանն է, ապա մի փոքր ավելի վառ երևակայության դեպքում կարելի է նաև ասել՝ պատերազմում հաղթել ենք.
«Ու պրծնենք էս դարդ ու ցավից, որ ամեն օր կրծում է մեզ։ Այո, ստերի ժամանակն ավարտվել է»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք․Արավուսի գյուղապետ
- Թշնամին ուզում է, որ հայկական կողմը Արավուս գյուղից 750մ. հետ գնա՝ թողնելով ամենակարևոր հենակետերից մեկը