Գրեթե միշտ պարտություն կրող իշխանությունները հրաժարական են տալիս. Գոռ Գևորգյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած և այժմ որպես անկախ պատգամավոր հանդես եկող Գոռ Գևորգյանը ոչ պարկեշտ է համարում հարցը, թե արդյո՞ք իր վրա ճնշումներ եղել են՝ խմբակցությունից դուրս գալուց հետո։
«Դա ոչ պարկեշտ հարց է՝ ուղղված քաղաքական գործչին»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, որ մամուլում կան նյութեր, թե իշխանական խմբակցությունը ճնշում է իրենց ճամբարը լքող պատգամավորներին, Գոռ Գևորգյանն արձագանքեց՝ նման բան չի տեսել և տեղյակ չէ։
Իսկ երբ լրագրողները կոնկրետ անուն հնչեցրին, թե կոնկրետ Վարդան Աթաբեկյանն է հայտնել ճնշումների մասին, պատգամավորն արձագանքեց.
«Վարդան Աթաբեկյանն ասել է, որ իր նկատմամբ հաշվեհարդա՞ր է եղել։ Այդպիսի բա՞ն եք դուք կարդացել։ Չի կարելի այդպիսի եզրույթներ կիրառել։ Նա ասել է, որ պարզաբանում են պահանջել»։
Գոռ Գևորգյանը նշեց՝ չի եղել և չի կարող լինել որևէ բան, որ կարող է կաշկանդել իրեն և իր գործունեությանը։
«Ես խմբակցությունը լքել եմ՝ սկսված գործընթացի նկատմամբ իմ ընկալումներից ելնելով»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե այս փուլում արդյո՞ք պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Գոռ Գևորգյանը պատասխանեց.
«Հարցի հանգուցալուծումը պետք է լինի միմիայն սահմանադրության շրջանակում, և ցանկացած ուժ, ցանկացած քաղաքական խմբավորում, կուսակցություն, պետք է լինի պետականամետ։ Պետք է հասկանալ, որ մեր պետության, մեր ժողովրդի բարեկեցությունը ապահովելու է սահմանադրությանը հետևելը։ Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ պարտություն կրող իշխանությունները հրաժարական են տալիս»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան