Լիբիայում գեներալ Հաֆթարի ուժերը թուրքական նավ են առգրավել
Լիբիայի Միսրատա նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը թուրքական նավ են առգրավել։ Այդ մասին, ermenihaber-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին թեմայի մասին սոցցանցում գրառում է արել՝ նշելով, որ «Mebruka» բեռնափոխադրող նավը, որի սեփականատերը թուրք է և որի վրա եղել է Ջամայկայի դրոշը, մուտք է գործել արգելված տարածք։ Հրահանգին չարձագանքելու համար Հաֆթարի ուժերն առգրավել են նավը և տեղափոխել Ռաս ալ-Հիլալ նավահանգիստ։
Խոսնակը նաև նշել է, որ այդ նավում եղել է 9 թուրք, 7 հնդիկ և 1 ադրբեջանցի։ Նավը բեռնված է եղել դեղերով և ոչ մի զենք-զինամթերք չի հայտնաբերվել։
Այլ տեղեկությունների համաձայն՝ հիշյալ նավը չեն առգրավել, այլ ստուգում է անցել, ինչպես որ մյուս նավերն են անցնում։ Արգելված գոտի մուտք գործելու պատճառով նավը տուգանվել է։
Նախօրեին Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը» և Թուրքիային մեղադրել էր հրադադարը խախտելու փորձեր իրականացնելու մեջ։
Հիշեցնենք, որ այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը», որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան