Սրանք հանրային պահա՞նջ են, թե՞ ոչ, պարո՛ն Փաշինյան. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթի ժամանակ թվարկեց այն անհատներին և ինստիտուտներն, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Վերջինս նշեց, որ նման պահանջ են ներկայացրել ԱԺ երեք քաղաքական ուժերից երկուսը, արտախորհրդարնական ուժերը, ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն, Արամ Ա-ն:
Շարունակելով հրաժարական պահանջածների թվարկումը՝ պատգամավորը հիշատակեց Գիտությունների ազգային ակադեմիային, ԵՊՀ-ին, մտավորականության և հասարակության ներկայացուցիչներին:
Նրա խոսքով, ամեն օր հանրապետության մարզերում տեղի են ունենում բողոքի տարբեր ակցիաներ, որոնց միանում են տասնյակ, հարյուր հազարավոր հայրենակիցներ, բայց քաղաքացիների մի մասը հրապարակում չեն, որովհետև կա կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակ, որի համար նույնպես պատասխանատու են այս իշխանությունները:
«Այդ հրաժարականին միանում են մեր այն հայրենակիցները, որոնք կորցրել են իրենց զավակներին, նրանց գերակշիռ մեծամասնությունը, որոնց հետ ես կապի մեջ եմ: Նրանք իրենց զավակներին են կորցրել, տան ճրագն են կորցրել և չեն կարող լինել հրապարակում»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը ավարտեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների թվարկումը և հարց ուղղեց հանրապետության վարչապետին՝ ակնկալելով, որ իրեն չի պատասխանի նրա խոսնակը:
«Սա հանրային պահա՞նջ է, թե՞ ոչ, պարո՛ն Փաշինյանն: Երկու ինստիտուտներ՝ վեհափառներ, ովքեր դիմեցին ձեզ՝ հորդորելով չգնալ և երկիրը չտանել ցնցումների՝ ասելով, որ ձեր հրաժարականը օր առաջ կարող է երկրում վերականգնել հանդուրժողականության մթնոլորտը, որպեսզի մենք կարողանանք լուծել Արցախից այն՝ ինչ մնացել է և Հայաստանի անվտանգության խնդիրը, հիմա սա հանրային պահա՞նջ է, թե՞ ոչ»,- վարչապետին դիմեց Զոհրաբյանը: