Սերժ Սարգսյանի գրասենյակ. Ձայնագրության հրապարակումն ընդունվում է որպես փաստ և զերծ ենք մնում մեկնաբանություններից
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն՝ ի պատասխան երեկ համացանցում հայտնված ու մեծ արագությամբ տարածված ձայնագրության վերաբերյակ, ըստ որի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղարաբաղի յոթ շրջաններն Ադրբեջանին հանձնելու համար գումար է առաջարկում Սերժ Սարգսյանին։
«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:
Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»,-հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։
Հիշեցնենք, որ համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությունից պարզ է դառնում, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարավի 7 շրջանից:
@bagramyan26 տելեգրամ ալիքի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ․
-Լուկաշենկո․ «Տո՛ւր Ալիևին Ղարաբաղի 7 շրջանները, նա քեզ 5 միլիարդ կվճարի առաջին փուլի համար»
-Սերժ Սարգսյան. «Ես նրան կտամ 6 միլիարդ. Թող նա հրաժարվի 7 շրջաններից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան