«Իրատես». Իգիթյանն աշխատում է, որ հայտնի հայտարարությունը չդառնա Մինսկի խմբի բանակցային կոնցեպտի մաս
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը համաձայն չէ «կապիտուլյացիա» բառի հետ: Բացատրում է՝ կապիտուլյացիան նշանակում է, որ թշնամուդ ես տալիս քո սուվերեն սահմանները.
«Հիմա մենք համաձա՞յն ենք արդյոք մեր սահմանները տալ թշնամուն, իհարկե՝ ոչ: Բայց ես այլ բան եմ ուզում ընդգծել՝ որպես տեքստ, այդ հայտարարությունն արդարանալու բան չի: Դրդապատճառաբանությունն ի գիտություն կարող եմ ընդունել, բայց այն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծում չէ: Հիմա աշխատում եմ, որ այդ հայտարարությունը չդառնա Մինսկի խմբի բանակցային կոնցեպտի մաս: Դա որևէ կապ չունի բանակցությունների հետ»:
Իգիթյանն այն համոզմանն է, որ ԱԺ-ն պետք է հայտարարություն անի ու իր անհամաձայնությունը հայտնի հայտարարությանը, որպեսզի այն Լեռնային Ղարաբաղի լուծման կոնցեպտ չդառնա: Ընդգծում է՝ ընդդիմության ներկայացուցիչների, հանրահավաքների ժամանակ միտինգում ամենածայրահեղ ելույթ ունեցողների հետ միասին պետք է կարողանան այնպես անել, որ այդ հայտարարությունը պարտադրված զինադադարի պայման համարվի, ոչ ավելին:
«Ինձ համար, օրինակ, անհասկանալի է հայտարարության այն մասը, որտեղ նշված է, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները: Բայց այդ կետը միայն ադրբեջանցիների՞ն է վերաբերում, թե՞ նաև Հադրութը, Շուշին ու մյուս համայնքները լքած հայերին: Ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվել է պատերազմական գործողությունների ժամանակ, չի կարող պայմանագիր համարվել, որովհետև բանակցությունը սկսվում է այն ժամանակ, երբ դադարում է պատերազմը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: