Կորոնավիրուսի կանխման անվտանգության նորմերն ինչպե՞ս են պահպանվում դպրոցներում և մանկապարտեզներում
Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը հանրակրթական ուսումնական հաստատություններում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ավագ դպրոցում «առկա» ուսուցման վերսկսկմանը զուգահեռ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերի ակտիվ ստուգայցերը դպրոցներում շարունակվում են։
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն Արաբկիր Աջափնյակ, նույնիսկ կրկնակի ստուգայցեր են իրականացվել։ Դիտարկումները ցույց են տալիս, որ նախորդիվ դիտարկված խախտումներն արդեն շտկվել են։ Միայն Երևանում սեպտեմբերից մինչ օրս դիտարկվել է ավելի քան 50 մանկապարտեզ, շուրջ 140 դպրոց․ վերջիններից 49-ի մոտ՝ կրկնայց։
Դպրոցներն արձակուրդների ընթացքում բավականին լավ են կազմակերպել covid-անվտանգության միջոցառումները։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու հիմնականում նշանակված են բուժքույրերը, որոնք և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասին տրամադրվել են զգալի քանակով ախտահանիչներ, որոնք ունեն ճիշտ մակնշում։ Դասերի ընթացքում փորձ է արվում աշակերտների տեղաշարժը դասարանից դասարան հնարավորինս կրճատել։ Դիդակտիկ նյութերի կիրառումը սահմանափակվել է։
Ընդհանուր առմամբ՝ սանիտարահամաճարակային առումով կշիռ ունեցող խախտումներ չեն արձանագրվել։ Դրանք հիմնականում տեխնիկական բնույթ ունեն և ենթակա են տեղում շտկման։ Թերություններից են, օրինակ, այն, որ որոշ տեղերում իրազեկման թերթիկները եղել են դեռ պարետի սահմանած ձևանմուշով։
Նկատվել է, որ դպրոցներն առավելապես առաջնորդվում են ուղեցույցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանի։ Անակնկալ դիտարկումների ընթացքում պատահականության սկզբունքով բացվում և նայվում են դասարանները, աշակերտների նստեցման կարգը, դիմակների կրումը։ Դիտարկվում են անգամ դիմակների համար նախատեսված աղբամանները՝ պարզելու՝ արդյո՞ք իրականում դիմակները փոխվում են մի քանի ժամը մեկ։
Ըստ աղբյուրի, Covid-անվտանգության կանոնների ամենօրյա հսկողության դրական պատկեր է դիտարկվել նաև մանկապարտեզներում և մասնավոր դպրոցներում։ Ընդ որում՝ մանկապարտեզներում հակահամաճարակային ռեժիմը պահպանվում է առավել խստորեն ու զգուշավորությամբ։
Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ԱԱՏՄ համաճարակաբանները նաև մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա