Այս տարի ռուս գործընկերների միջնորդությամբ բանակցություններ կլինեն սահմանի ճշգրտման վերաբերյալ. Տիգրան Ավինյան
«Ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում՝ գալիք, սպասվելիք բանակցություններին, որը տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ՝ երկու կողմերի միջև»,-պատասխանելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում և ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ:
Ավինյանը հավաստիացրեց, որ կառավարությունը վեր է հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու բանակցությունների համար:
Անդրադառնալով զինված ուժերի տեղակայման հարցին՝ փոխվարչապետը նշեց, որ Տեղ գյուղի ներքևի հատվածում գտնվող տարբեր դիրքերում կան զինված ուժերի ներկայացուցիչներ, և նրանց վերջնական դիրքավորումը, ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում: