Բյուջետային պարտքի որևէ ռիսկն՝ անկայունության առաջացման լավագույն ճանապարհը կլինի. Ատոմ Ջանջուղազյան
«Այսօր ընդհանրապես այդպիսի տեսակետ ունենալ, որ կարելի է առկախել բյուջեն՝ հաշվի առնելով, որ մենք չգիտենք, թե ինչ է լինելու մեր հաջորդ տարվա ռազմական ծախսերի հետ, կարծում եմ, որ այն կլինի ուղղակի կոպիտ բացթողում՝ ամենամեղմ ձևակերպմամբ»,- խորհրդարանում ներկայացնելով 2021թ. բյուջեի նախագիծը՝ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարը նշեց, որ ռազմական բյուջեն ծրագրավորված է, բայց անորոշության այսօրվա աստիճանը թույլ չի տալիս կանխատեսել հաջորդ տարի այն կավելացվի, թե կպակասեցվի: Նրա խոսքով, երբ պարզ լինի, թե ինչ պետք է արվի ռազմական ծախսերի հետ, ապա բյուջեում փոփոխություն կարվի, ինչպես եղավ 2020 թվականին:
Անդրադառնալով ռազմական ծախսերի փոփոխության չափին՝ Ջանջուղազյանն ասաց. «Միգուցե, այն պետք է փոխվի, բայց չափի մասին դատողություններ անելիս պետք է հաշվի առնենք, որ այդ չափի անընդհատ ավելացումը կամ նվազեցումը ռիսկերն ունի և դրա հետ պետք է հաշվի նստել»:
Նախարարը հայտնեց, որ չէր ցանկանում ԱԺ ամբիոնից խոսել նեգատիվի մասին, բայց ստիպված արձանագրում է, որ բյուջետային պարտքի որևէ ռիսկն՝ անկայունության առաջացման լավագույն ճանապարհը կլինի:
Ատոմ Ջանջուղազյանը համոզմունք հայտնեց՝ որևէ մեկը չի կարող թույլ տալ, որ բյուջեով նախատեսված այս կամ այն ծախսը հնարավոր չլինի իրականացնել միայն այն պատճառով, որ բյուջեն բավարար չափով ողջամիտ չի ծրագրավորվել :
Ֆինանսների նախարարը նշեց, որ 2021 թվականի համար կանխատեսվում է 3.2 տոկոսի չափով տնտեսական աճ, բայց տեղեկանքում մանրամասն ներկայացրել են ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտել այդ ցուցանիշի ապահովմանը:
«Բոլորով պետք է ջանք գործադրենք, որպեսզի դրանք օգտագործվեն ի նպաստ, ոչ թե թույլ տանք, որ դրանք տեղի ունենան և մենք ունենանք ավելի վատ պատկեր, քան կանխատեսված է»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք այս ամենը կիրառելու արդյունքում կուսակցություններ ենք փակելու. Գևորգ Գորգիսյան
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը և 11 այլ նախագծեր