Մենք չենք ուզում ցնցումներ, մեզ հանրային համերաշխություն է պետք. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի Փրկության Շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակված է շարժման ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։
Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։
Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։
Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ։
Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։
Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։
Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին»,- նշված է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Վաղը ժամը՝ 16։00-ին, հանդիպում ենք Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին»
- Վազգեն Մանուկյանի առաջին քայլը պետք է լինի մեծ պապիկի դերում կայունացումը ապահովելը. Թագուհի Թովմասյան
- Վազգեն Մանուկյանը ձեր վերջին փրկօղակն է, եթե տրամաբանելու ունակ եք իհարկե. Միքայել Մինասյան
- Եթե Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, ապա Վազգեն Մանուկյանը հաղթանակների ու արժանապատվության. Լիլիթ Գալստյան
- Վազգեն Մանուկյան. Որոշում է ընդունվել զոհաբերելու Նիկոլ Փաշինյանին և մեկ ուրիշի միջոցով պահպանել իրենց վերահսկողությունը մեր երկրում
- Վազգեն Մանուկյան. Պետք է փոխվի քաղաքականությունը, պետք է կատարելագործվի պատերազմի մեր ռազմավարությունը
- Վազգեն Մանուկյան. «Լայն ճանապարհի վրա՝ վանդակի մեջ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան