Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային անվանել է «ջիհադիստական տուրիստական գործակալություն»
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանում «հանգստության խախտող» և «ջիհադիստների տուրիստական գործակալություն», որին պետք է դիմադրել: Այս մասին գրում է Ria-ն։
Թուրքիայի քաղաքականությունը Ամմանում կայացած Հունաստանի, Կիպրոսի և Հորդանանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկն էր:
«Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս և, ցավոք, տարածաշրջանում դարձել է հանգստության խախտող՝ սպառնալով ուժի գործադրմամբ»,- հայտարարել է Դենդիասը հանդիպումից հետո։
Դենդիասը նշել է, որ Թուրքիան սպառնաց Հունաստանին պատերազմով, եթե Հունաստանը գործի իր ինքնիշխան իրավունքի համաձայն և տարածքային ջրերը հասցնի 12 ծովային մղոնի: Այն միգրանտներին որպես գործիք է օգտագործում, քարոզչության և կեղծ լուրեր տարածում, ջիհադիստներին Լիբիայից Կովկաս է տեղափոխում, ինչը Դենդիասն անվանել է «ջիհադիստական տուրիստական գործակալություն»։
Ըստ նրա, Անկարայի նման գործողությունները միանգամայն անընդունելի են, և Հունաստանը բազմիցս կոչ է արել Թուրքիային կառուցողական երկխոսության։
«Մենք խոսեցինք Լիբիայի մասին, խոսեցինք Սիրիայի մասին, խոսեցինք Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի մասին, խոսեցինք ներգաղթի մասին, խոսեցինք Արևելյան Միջերկրական ծովի և Կիպրոսի խնդրի մասին: Եվ պետք է ասեմ, որ մենք գտել ենք ընդհանուր փոխըմբռնման և ընդհանուր մոտեցման շատ ոլորտներ»,- ասել է Դենդիասը։