Մարուքյանը՝ Փաշինյանին. Չունեք իշխանություն, ըստ էության, ո՞նց եք ընտրություն կազմակերպելու
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ նրա հրաժարականն են պահանջում ԱԺ երկու խմբակցությունները, ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահները, Ամենայն հայոց Կաթողիկոսը, Արամ Ա-ն, ամենակարևոր մարզերի ամենակարևոր քաղաքների ղեկավարները, ավագանիերի ներկայացուցիչները, ԵՊՀ գիտխորհուրդը, քաղաքական ուժեր, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ, փաստաբաններ։
«Երբ դուք ասում եք ժողովուրդ, նրանցից ոչ մեկ ժողովուրդին չի՞ ներկայացում։ Եվ այդքանից հետո դուք փոխում եք մարզպետներին, նախարարներին։ Այդ փոփոխություններով չի լուծվելու այն խնդիրը, այն խնդիրների խումբը, որի համար այդ հրաժարականը պահանջվում է»,-ասաց Մարուքյանը։
Ամբիոնին մոտեցած Փաշինյանը հայտարարեց՝ էլի պետք է հղում անի ժողովրդին։
«Իսկ ինչո՞ւ դուք՝ խորհրդարանական ուժերը չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քաղաքական ուժերն ու էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում անվերադարձ։ Հիմա ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը, Հայաստանում ստեղծել կամ անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդպիսով Հայաստանը վերադարձվելու է ընտրակեղծարարության փուլ։
Նրա խոսքով, իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը նման պահանջով հանդես էին գալիս հուլիսից՝ մի մասը ներքուստ, մյուս մասը՝ արտաքուստ։
«Հիմա ուղղակի առիթ է, որ այդ պահանջը բարձրաձայնվի։ Հիմա դուք ասում եք պատերազմ, եթե հետ նայեք, կտեսնեք, որ պահանջը նույն է»,-ասաց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ փորձ է արվում գործընթացից դուրս թողնել ժողովրդին։
Մարուքյանն արձագանքեց՝ եթե չեք հետևում, թե ինչ է ասվում, և հետևում եք միայն նրան, ինչ ձեզ ձեռք է տալիս, ապա մենք ասում ենք, որ կան նաև ձեր կողմնակից զինված խմբեր, մինչև դրանք չզինաթփվեն, ընտրություններ հնարավոր չէ անցկացնել։
«Կառավարության դիմաց ձեզ համար ցույց անող զինված մեկը սպառնում էր մեր տունը գրավել, որը մինչև հիմա կալանավորված չի։ Էդ զինված խմբերը, մինչև զինաթափվեն, ընտրություններ չեն կարող լինել։ Զինթափեք այսօր, վաղը արեք ընտրություններ։ Ինչ վերաբերում է ձեր այն հայտարարությանը, թե վարչապետի թեկնածուն չի մասնակցելու ընտրությանը, փաստորեն Դուք էլ եք Լևոն Տեր-Պետրոսյանի այն գծի մեջ, որ էլ թեկնածուներ չկա՞ն։ Մենք էլ ենք թեկնածու առաջարկել, հաջորդ ընտրություններին էլ մասնակցելու ենք, ոչ մեկի խամաճիկը չենք եղել, չենք էլ լինելու։ Ավելին, կարող ենք նաև ընտրություններ կազմակերպել, դուք չեք կարողանում զինաթափել, մենք կզինաթաենք բոլորին, ձեր սենյակի պատուհանի տակ զինված սպառնացող մարդուն էլ չեք կարողանում կալանավորել, ձեր կալանավորած մարդկանց էլ քննիչներն ընենց արձանագրություններ են կազմում, արագ բաց են թողնում։ Չունեք իշխանություն, ըստ էության, ո՞նց եք ընտրություն կազմակերպելու»,-ասաց Մարուքյանը։
Փաշինայնն ասաց՝ զինված կողմնակիցներ չունեն, զինված խմբերը զինաթափվում են ու կզինաթափվեն։ Ասաց՝ ճանապարհային քարտեզում թվարկել է անելիքները։
«Մենք ի վիճակի ենք կազմակերպել թափանցիկ ընտրություններ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան