Մենք այս ամենը կիրառելու արդյունքում կուսակցություններ ենք փակելու. Գևորգ Գորգիսյան
«Մի մտահոգիչ կետ կա այստեղ, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում կուսակցություններ ենք փակելու, որովհետև կան կուսակցություններ, որոնք ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել այաստանի Հանրապետությունում և այսօր այդպես չեն գործում»,- «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա հռետորական հարցադրում արեց, թե արդյոք ճիշտ է այդ կուսակցությունների փակումը և առաջարկեց նախագծի նոր դրույթները կիրառել ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կամ ֆինանսական շրջանառությունը ինչ-որ սահմանից ավելի իրականացնողների կամ պետական ֆինանսավորում ստացածների նկատմամբ:
«Ճի՞շտ է արդյոք փակել կուսակցությունները, որոնք այլևս գործունեություն չեն ծավալում, բայց ունեն գաղափարական հենք և, միգուցե, ինչ-որ պահի կվերադառնան»,-հարցրեց պատգամավորը:
Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակցել են շատ քիչ կուսակցություններ, իսկ «Իմ քայլը» խմբակցությունից մասնակցել են ոչ կուսակցականներ, որոնք չեն առնչվել կուսակցություններ ստեղծելու գործընթացին:
Նա առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում քննարկումներ իրականացնել արտախորհրդարանական կուսակցությունների հետ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն, անդրադառնալով օրենքի նախագծի այն դրույթին, որով կուսակցությունների ֆինանսական վերահսկողության լիազորությունը տրվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, հայտնեց, որ վերջինիս վրա դրվում է նոր պարտավորություններ, բայց լիազորությունները չի ավելացվում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը և 11 այլ նախագծեր
- Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության լիազորությունը փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Համազասպ Դանիելյան