Թուրքիան Փարիզում նոր դեսպան է նշանակել Մակրոնի համակուրսեցուն
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 54 դեսպանություններում և մշտական ներկայացուցչություններում նոր նշանակումներ է արել։
Վերջին ժամանակաշրջանում թուրք-ֆրանսիական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու համար Թուրքիան Փարիզում նշանակել է նոր դեսպան։ Ֆրանսիայում Թուրքիայի ներկայիս դեսպան Իսմայիլ Հաքքը Մուսային կփոխարինի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Օնաները։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հատկանշական է, որ Օնաները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համակուրսեցին է եղել։ Ֆրանսիական «Le Point» թերթը թուրք դեսպանի նշանակման լուրը հետևյալ վերնագրով է լուսաբանել․
«Էմանուել Մակրոնի թուրք ընկերը Փարիզում դեսպան է նշանակվել»։
Իսկ թուրքական մամուլը գրում է, որ այդ նշանակմամբ հնարավոր է նոր էջ բացվի թուրք-ֆրանսիական հարաբերություններում։
47-ամյա թուրք դիվանագետ Ալի Օնաները 2002-2004թթ․ Էմանուել Մակրոնի հետ սովորել է Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցում (ENA)։