«Սասնա ծռերի» գործով պաշտպանական ճառերի պատրաստման համար երկու շաբաթ տրվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, ընթացավ «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը:
Դատական վիճաբանությունների փուլն է, պետք է հնչեն պաշտպանակն ճառեր: Սակայն, դատավորն ասաց, որ պաշտպանների մեծ մասը ներկա չեն: Պաշտպաններից մեկը, ով մեկ շաբաթ առաջ է ներգրավել գործի քննությանը, ասաց, որ դեռ չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործին, երկու շաբաթ խնդրեց պաշտպանական ճառով հանդես գալու համար, որպեսզի այն լինի գործնական, ոչ թե պատրանքային:
Դատավորն ասաց, որ հասկանում է պաշտպաններից տիկին Ծառուկյանի կողմից ժամանակ խնդրելու հանգամանքը, բայց պաշտպանական կողմերին տեղեկացրեց, որ դատարանը ստիպված չէ սպասել, թե ով երբ կբարեհաճի հանդես գալ ճառով: Նրա ներկայացմամբ, պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը ավելի քան 17 դատական նիստ չի ներկայանում գործի քննությանը:
«Տրված է ճառերի փուլ, կներկայացնեք պաշտպանակն ճառ՝ դատարանը կլսի, չեք ներկայացնի՝ դատարանը կավարտի դատական վիճաբանությունների փուլն ու կհեռանա խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու»,- ասաց Մ. Մակյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննում են տարբեր դատարաններում։
Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ սանկցիա չեք ներկայացում Փաշինյանի կալանավորման համար որպես պետական դավաճանի. Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներից շատերը դատարան չներկայացան
- Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ. Շատ բաներում իմ ու Պավլիկի մտքերը հակասում են
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալն ասելու բան ունի, բայց չի հիշում
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարություն. «Թորոս Թորոսյանի ամբողջ ցուցմունքը սուտ է»
- «Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
- Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
- «Սասնա ծռերից» Էդուարդ Գրիգորյանը հակադարձում է Պավել Մանուկյանին
- Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը
- «Սասնա ծռեր»-ից Լամբարյանը չպատասխանեց, թե ով է կրակել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա