Շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզը. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ դիմաց
18։30
«Ժողովուրդ ջան, հիշում եք, որ պատերազմի առաջին օրերին, այ էս շենքում, թիվ մեկ ամբիոնից, Փաշինյանն ասաց, որ եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու։ Այստեղ մարդ կա՞, որ որևէ բան պայմանավորվել է Փաշինյանի հետ։Այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է հաշտվել պարտության հետ»,-ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հավաքվածներին դիմեց ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր տնօրեն Հայկ Մամիջանյանը։
«Ի՞նչ է անում Փաշինյանը։ Նախարարին խորհրդական է սարքում, մարզպետին՝ պատգամավոր կամ հակառակը։ Այ ընկեր, բանջարեղենների տեղերը փոխելուց, արդյունքը չի փոխվում։ Այստեղ կանգնած մարդիկ եկել են քեզ ասեն, որ մենք չենք հանդուրժի, որ Նոր տարվա գիշերը հերիք չի, որ մեր զինվոր տղերքի արյան կսկիծը մեր սրտում լինի, մի հատ էլ քո դեմքը տեսնենք հեռուստացույցով»,-ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով ՝ վաղուց ելույթի ու ճառի ժամանակն անցել է, եկել է գործելու ժամանակը։
17:49
Վիրաբույժ Տարոն Տոնոյանն ասաց, որ այսօր երկրում բացարձակ անիշխանություն է, երկիրն անտեր է, վարչապետը միայն ու միայն զբաղված է սեփական աթոռն ամեն գնով պահելով, ժամանակ չունի զբաղվել սահմաններով, բանակով, որպեսզի հայ ժողովորդը պաշտպանված լինի:
Նա դիմեց իր բժիշկ ընկերներին՝ չլինել այդքան անտարբեր, ապաքաղաքական, ձայն բարձրացնեն:
«Ո՞վ է տեսել պարտված պետությունն այսքան շատ շքանշաններ ու մեդալներ բաժանի: Որպեսզի կարողանա այդ մարդկանց ևս զերծ պահել այս պայքարից»,- նշեց նա:
Տ.Տոնոյանն ասաց, որ պետք է ներկայանա նախագահական և շքանշան ստանա, սակայն ինքը հրաժարվել է, քանի որ չի ցանկանում ապազգային, անհայտ ձագման, հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ:
«Ես այդ շքանշանները վաստակել եմ այն զինվորների մայրերից, զինվորներից, որոնք ասել են՝ շնորհակալություն բժիշկ»,- նշեց բժիշկ Տոնոյանը:
17։30
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է ընթանում Ազգային ժողովի դիմաց: Հենց նույն պահին ԱԺ-ում կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանն է, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը:
Հանրահավաքի մասնակիցները պարբերաբար վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ դավաճան:
Քաղաքացիները ձեռքներին ունեն կարմիր քարտեր՝ նախատեսված Փաշինյանի համար:
«Քարմիր քարտով Ազգային ժողովի դիմաց ենք ու Փաշինյանին ասում ենք՝ քո ժամկետը լրացած է, քո տեղան այլևս պատության աղբանոցն է, Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլ»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
Քարետազագիր Գրիգոր Բեգլարյանն ասաց, որ առաջինն էր, ի փառս Հայաստանի, գծել 42 հազար 675 քառակուսի կիլոմետրով մեր պետության քարտեզը՝ 1993 թվականին:
«Ես հայտարարում եմ, որ չեմ ենթարկվում այս կառավարությանը, չեմ ենթարկվում այս վարչապետ կոչվածին, համարում եմ ինձ քաղաքացի՝ առայժմ առանց պետական կառավարման, շարունակելու եմ գծել այն Հայաստանը, որը վաղն է գալու, շարունակելու եմ գծել քարտեզ՝ առանց Նիկոլի Հայաստան»,- հայտարարեց Գ. Բեգլարյանը:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հայտնեց՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է:
«Բոլոր այն անձիք, ովքեր պաշտպանում են դավաճանին, կրկնակի դավաճան են: Դիմում եմ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին: Նրանք, ովքեր իրենց սեփական արժանապատվությունը բարձր են գնահատում, այս պահին պաշտոնանկ արեք Նիկոլ Փաշինյանին:
Դիմում եմ այն պատգամավորներին, որոնք ասում են՝ կանցնի այս ամենը: Չի կարող անցնել այս ամենը, քանի որ կպել եք հայոց ազգի ամենանուրբ լարին՝ հայրենադավությունն ու հող տալը չի ներվելու, ազգի զավակների նահատակությունը չի ներվելու, գերեվարված ու անհետ կորած մեր զինվորականների ճակատագիրը չի ներվելու, հետևաբար դուրս եկեք կամ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ արեք հենց հիմա, կամ եկեք ժողովրդի մեջ ու բացատրեք, թե ինչու եք կանգնած այդ ազգադավի կողիքն»,- ասաց Ա.Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք հոգեպես անառողջ մարդու հետ. Արթուր Ղազինյան
- Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա. Իշխան Սաղաթելյան
- Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղում վարչապետի աթոռը բռնազավթած անձին
- Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ