Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը կմեկնարկի հարուստ օրակարգով
Այսօր Բրյուսելում կբացվի Եվրամիության գագաթնաժողովը, որի օրակարգը թարմացվում է մինչև վերջին պահը: Այն քննարկելու է հաջորդ 7 տարվա ընդհանուր բյուջեն: Պետությունների և կառավարությունների ղեկավարները կարող են քննարկել ԵՄ առևտրային գործարքը Մեծ Բրիտանիայի հետ (եթե այն դեռ կարող է կնքվել), կամ երկկողմ բանակցությունների ձախողման հետևանքները: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ Բրեքսիթի բանակցություններում հասել են մի խաչմերուկի, որում պայմանագրի տեքստի 95%-ից ավելին պատրաստ է և հաստատված է փաստաբանների կողմից: Բայց մնում է հաղթահարել նույն խոչընդոտները, որոնք կանգնած են երկար ամիսներ․ այն է՝ ձկնորսությունը, արդար մրցակցության կանոնների պահպանումը և ամբողջ գործարքի իրականացման նկատմամբ վերահսկողությունը:
Հույս կա, որ ԵՄ առաջնորդները կհաստատեն Վարշավայի, Բուդապեշտի և Բեռլինի կողմից նախօրեին ձեռք բերված համաձայնությունը, որը թույլ կտա ապաբլոկավորել բյուջեն և Համաճարակների վերականգնման հիմնադրամը: Նիդեռլանդներից Եվրախորհրդարանի պատգամավորը հուսով է, որ Հունգարիան և Լեհաստանը կվերացնեն բյուջեի նկատմամբ վետոն։
«Հունգարիայի քաղաքացիների 72% -ը պաշտպանում է պահանջը, որ ԵՄ միջոցների տրամադրման պայմանը լինի օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխանելը: Դա արվում է հունգարացիների համար, այլ ոչ թե Հոլանդիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի քաղաքացիների։ Դա արվում է այն բանի համար, որ եվրոպական փողերը հասնեն այն հունգարացիներին և լեհերին, ովքեր դրա կարիքը ունեն, և չհայտնվեն նրանց ղեկավարների կոռումպացված գրպաններում»,-ասել է եվրոպատգամավոր Քեթի Պիրին:
Ի սկզբանե գագաթնաժողովում նախատեսված էր քննարկել կլիմայի փոփոխությունը, Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Արևելյան Միջերկրական ծովում իր ագրեսիվ պահվածքի համար, և համաճարակը: Արդյունքում, այսքան շատ հարցերի շուրջ քննարկումները կարող են ձգվել, և ղեկավարները ստիպված կլինեն կայացնել կարևոր և դժվար որոշումներ: