«Ժողովուրդ». Կարագի գները միջազգային շուկայում բարձրացել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում դեկտեմբերի 1-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 3.9 դոլարով:
Այն նոյեմբերի 17-ի դրությամբ կազմել է 3.8 դոլար, բայց սեպտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 3.2 դոլար:
Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 3740-3750 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 7.1 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 3.2 դոլարով ավելի: Սակայն, ըստ մասնագետների, չի բացառվում, որ առաջիկայում կարագի գինը դարձյալ բարձրանա:
Բանն այն է, որ դոլարի փոխարժեքը բարձրացել է, իսկ, ինչպես հայտնի է, թանկացած դոլարը և եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետևաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ: Ի դեպ, Հայաստանի առևտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 515-516 դրամ է, վաճառքինը՝ 520-522 դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում