Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանը
Խորհրդարանը Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրում։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը։
Իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը։
Կարեն Առուստամյանը դեռ 2005 թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում, որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական եւ մեթոդաբանական վարչությունում, որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ։ Ավելի քան տաս տարի աշխատելով վերահսկիչ պալատում Կարեն Առուստամյանը օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից զբաղեցնում էր ՀՀ hաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետի պաշտոնը: Նշենք նաև, որ համատեղության կարգով դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
Իր խոսքում, Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն նշեց, որ ընտրվելու դեպքում պատրաստակամ է մասնակցել և նոր շունչ հաղորդել պալատի աշխատանքներին։
«Մանդատ ստանալու դեպքում առաքելությունս տեսնում եմ հետևյալ երկու առանցքային տիրույթներում։ Առաջին. ինձ վերապահված հաշվեքննությունների ընթացքում գիտելիքիս ու փորձիս առավելագույն ներդրումով ապահովել հաշվեքննության որակի նկատելի և շարունակական աճ։ Երկրորդ. հաշվի առնելով նախորդ տարիներին Հաշվեքննիչ պալատի գործողությունների ոլորտում ունեցած և կուտակած փորձս՝ նպաստել պալատի ինստիտուցիոնալ զարգացմանը։
Նշված երկու ուղղություններով գործունեություն ծավալելիս ինձ համար կարևոր հիմնական ուղենիշ են լինելու մի շարք սկզբունքներ։ Հաշվեքննիչ պալատը պիտի դառնա միջզգային աուդիտի ստանդարտներին համահունչ, անկախ պետական մարմին։ Դրա համար պետք է սկսել Հաշվեքննիչ պալատի անկախության ամրապնդմանն ուղղված աշխատանքներից»,- նշեց նա։
Բացի այդ, Կարեն Առուստամյանի խոսքով, անհրաժեշտ է էլ ավելի բարձրացնել Հաշվեքննիչ պալատի աշխատանքի որակի բաղադրիչը, ինչի համար պետք է լինի նաև որակի հսկողության 140 ստանդարտի ներմուծում։
«Հաշվեքննիչ պալատը պետք է նաև նոր թափ հաղորդի հակակոռուպցիոն պայքարի լայն ճակատին։ Այս առումով հարկավոր է բարելավել Գլխավոր դատախազություն ուղարկելուն ենթական նյութերի չափորոշիչները։ Դրա համար էլ պետք է հստակեցվեն խարդախության հայտանիշները։ Դա պատկերացնում են խարդախության դասակարգչի մշակման ճանապարհով։ Առանձնահատուկ կարևորություն պետք է ունենա ոչ միայն ռեակտիվ, այլ նաև պրոակտիվ գործունեությունը՝ միտված ոչ միայն եղած չարաշահումների հայտնաբերմանը, այլ նաև դրանց կանխարգելմանը»,- ներկայացրեց Կարեն Առուստամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են