«Հրապարակ». Փաշինյանը կոալիցիա կազմելու ծրագի՞ր ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ քաղաքական որոշ ուժեր և անհատներ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային բանակցությունների մեջ են` ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցով։ Ավելին, կառավարության նոր նշանակումների որոշ մասը տեղավորվում է այդ ծիրում։ Բայց քանի որ պահը հարմար չէ համագործակցության մասին բացահայտ հայտարարելու, և այս կառավարության ճակատագիրն էլ անորոշ է, ուստի ընտրել են ստվերային համագործակցության ճանապարհը։
Փաշինյանի հնարավոր դաշնակիցների թվում նշում են անուններ, որոնք անգամ նրա հեռացումն են պահանջել. ՀԱԿ, «Քաղաքացու որոշում», Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյանի «Հանրապետություն»։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նշանակումը համաձայնեցվել է ՀԱԿ-ի հետ, Վաղարշակ Հարությունյանին Պնախարար դարձնելու լոբբիստն Արման Բաբաջանյանն է։ Օրակարգում է արդարադատության նախարարի հեռացման հարցը, որի համար պայքարում են ՀԱԿ-ականները։
ՔՈ-ի ղեկավար Սուրեն Սահակյանը մեզ հավաստիացրեց, թե «որևէ տեսակի» կառավարության կազմում ընդգրկվելու բանակցություն չի ընթանում իրենց հետ։ «Դա ակտուալ կլիներ մինչև 1,5 նախարարության գործը որպես կառավարության ծրագիր ներկայացնելը»,- ասաց նա՝ նկատի ունենալով Փաշինյանի 6-ամսյա ճանապարհային քարտեզը։
«Մենք այլ աշխատանք ենք տեսնում՝ որպես կառավարության օրվա հրամայական՝ կառավարությունն աշխատեցնելն է, որպեսզի քաղաքացին այստեղ մնալու դեպքում ապահովություն զգա, որ պետությունը հոգ է տանում իր մասին, իր և երեխաների ապագայի համար լավ հեռանկարներ տեսնի»։
Այսինքն՝ նահանջե՞լ եք հրաժարականի պահանջից: «Մեր կարծիքով, լավագույն լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռանալը և նոր, չեզոք կառավարության ստեղծումն է»։ Բայց եթե հրաժարական չի տալիս, պիտի աշխատեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։