ԿԲ-ն ու կառավարությունը ի վիճակի չեղան մեր տնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը. Սուրեն Պարսյան
Կառավարության տնտեսական թիմը ձախողել է, եթե այս կառավարությունը շարունակի իր գործունեությունը, ուշ թե շուտ սոցիալական բունտեր, խռովություններ են լինելու: Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Տնտեսագետի հետ զրուցել ենք դոլարի արժևորման, դրա հետևանքների, կառավարության արած ու չարած քայլերի մասին:
Panorama.am - Պարոն Պարսյան, Հայաստանում դոլարը շարունակում է թանկանալ: Ո՞րն է դրա պատճառը:
Ս.Պարսյան - Այս տարվա ֆինանսատնտեսական ցուցանիշները, պատերազմը կանխորոշում էին, որ տարեվերջին ունենալու ենք դրամի կտրուկ արժեզրկում: 10 ամիսների հաշվարկով ունենք 6,7 տոկոս տնտեսական անկում, տրանսֆերտների կրճատում, ներդրումների նվազում, ունենք նաև պատերազմական գործողություններ, որի ժամանակ ծախսվել է մեծ քանակությամբ դոլար, ապրանքները ձեռք են բերվել դոլարով, վճարվել կամ վճարվելու են դոլարով:
Բնականաբար, այս ամենն ազդում է շուկայի վրա: Արտարժույթի շուկան չէր կարող չարձագանքել: Բացի այդ, կարևոր գործոն է սպասումները: Բիզնեսն ու հանրությունը սպասում էր, որ դրամն արժեզրկվելու է, նրանք սկսեցին նաև դոլար ձեռք բերել, այսինքն՝ այս ամենի հետ զուգահեռ սպեկուլյատիվ գործընթաց առաջացավ: Կենտրոնական բանկն ու կառավարությունը ի վիճակի չեղան մերտնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը:
Դա անխուսափելի էր՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանի մյուս երկրների արտարժույթների արժեզրկումը: Հայկական դրամն էլ տրամաբանորեն պետք է արժեզրկվեր, հակառակ դեպքում մեր արտահանվող ապրանքները կդառնային ավելի թանկ ու արդեն իսկ դարձել են ավելի թանկ:
Այս ամենին պետք է պատրաստվեինք, որպեսզի ավելի քիչ կորուստներ ունենայինք։ Դրամի արժեզրկումը կանխատեսելի էր, բայց պետք է լիներ կարգավորվող, որպեսզի մեղմվեր սոցիալապես խոցելի խմբերի համար հնարավոր խնդիրները: Դիցուկ վերանայվեր թոշակները, աշխատավարձերը, նպաստները, որոշակի սոցիալապես խոցելի խմբերի համար սուբսիդավորվեր մի շարք ապրանքներ: Օրինակ, դեղորայքն է կտրուկ թանկացել, որը, ըստ էության, խիստ առաջին անհրաժեշտության ապրանք է:
Ունենք իրավիճակ, որ կառավարությունը, ժողովուրդը, տնտեսությունը բացասական սպասումների մեջ են, և այս պրոցեսը շարունակվելու է հաջորդ շաբաթների, ամիսների ընթացքում: Կենտրոնական բանկը ժամանակ առ ժամանակ դոլար է ներարկում տնտեսության մեջ ի հաշիվ պետական պահուստների, որպեսզի կտրուկ տատանումներ չլինեն: Եթե այդ ներարկումները չլինեին, հիմա կարող էր դրամը դոլարի նկատմամբ մեկ օրվա ընթացքում հասներ 550-560-ի: Այսքան փոքր տատանումը ի հաշիվ Կենտրոնական բանկի պահուստների է, որոնք ուղղակի մաշվում են, ավելի ու ավելի են կրճատվում:
Panorama.am - Որքա՞ն ժամանակ կարող են ներարկել, որքա՞ն կբավարարի:
Ս.Պարսյան - Անշուշտ, չեն կարող երկար պահել այս կուրսը: Պահուստներն էլ անսպառ չեն: Մասնավորապես, հուլիսին կազմում էր մոտ 2,8 միլիարդ դոլար: Վստահաբար կասեմ, որ արդեն մի քանի հարյուր միլիոն ծախսվել է այդ գումարներից: Մարտի 15-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվում, երբ մի քանի օր դրամը կտրուկ արժեզրկվեց, մի քանի օրում Կենտրոնական բանկը 122 միլիոն դոլար ներարկում էր արել, որպեսզի փրկեր այդ տատանումը: Պատկերացրեք, թե այս տատանման ժամանակ ինչքան գումար է ծախսել, որպեսզի այս իրավիճակն ինչ-որ ձևով կառավարելի դարձնի:
Բացասական սպասումներ կան, այդ սպասումները հաղթահարելու թիմ և ծրագրեր չունի ոչ կառավարությունը, ոչ Կենտրոնական բանկը: Այս իրավիճակից ավելի փոքր կորուստներով դուրս գալու հնարավորություններ կան, սակայն գործող իշխանությունը, հատկապես նրա տնտեսական թիմն ուղղակի պատրաստ չի այս ամենին, շարունակում են հին մոդելներով, գործիքակազմով լուծել այս խնդիրները, որոնք այլևս այդ գործիքակազմերին համապատասխան չեն:
Panorama.am - Ի՞նչ քայլեր պետք է արվի հետևանքները մեղմելու համար, որոնք չի կարող անել այս կառավարությունը
Ս.Պարսյան- Գնաճն անխուսափելի էր: Ինչպես նշեցի, պետք է վերանայվեր սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները, աշխատավարձերը, թոշակները, նպաստները: Որոշակի ապրանքների համար սուբսիդավորման քաղաքականություն նախատեսեին, որպեսզի գները չաճեին: Այդ ամենի համար, բնականաբար, գումար էր պետք պետական բյուջում, իսկ մեր կառավարությունը որդեգրեց ծայրահեղ լիբերալ հարկային քաղաքականություն, որի արդյունքում համահարթեցվեցին հարկերը, դրա արդյունքում մոտ 40 միլիարդ դրամ գումար քիչ հավաքագրվեց, դրան գումարվեց ճգնաժամի բացասական հետևանքներն ու արդյունքում, 9 ամիսների հաշվարկով, նախորդ տարվա համեմատ, մոտ 7 տոկոսի չափով հարկային եկամուտների նվազում ունեցանք:
Այս ճգնաժամը կանխատեսելի էր, բայց մեր պետական համակարգը պատրաստ չէր, կառավարման արդյունավետությունը շատ ցածր էր: Այդ խնդիրները հիմա ավելի են սրվում: Բոլոր երկրներն են նմանատիպ խնդիրների առաջ կանգնած, բայց ի հաշիվ պետական կառավարման արդյունավետության, ինստիտուտների ճիշտ արձագանքման, կարողանում են հաղթահարել այդ դրանք:
Ցավոք, մեր պետական համակարգը պատրաստ չէր, դարձյալ լիբերալ ծայրահեղ մոտեցումներով կարծում են՝ կարող են հաղթահարել այս ճգնաժամը, այսինքն, եկեք թողենք ամեն ինչ շուկային, շուկան թող որոշի՝ ինչքան ապրանք է արտադրում, որքան աշխատավարձ է վճարում, ինչքան եկամուտ է տալու: Դրա արդյունքում ունենք այս վիճակը:
Չնայած, այսպես ասած, տնտեսական հեղափոխության միֆի, 2019 թ-ին 2018-ի համեմատությամբ աղքատությունն ավելացել է շուրջ 3 տոկոսով, ծայրահեղ աղքատությունը՝ 0,4 տոկոսով: Կարծում եմ՝ դա լավ օրվա մասին չի խոսում: Գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, իսկ եկամուտների անհավասարաչափ բաշխումն ավելի է խորացել:
Panorama.am - Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել դոլարի արժևորումը:
Ս.Պարսյան - Միանաշանակ այս ամենի հետևանքներն արդեն իսկ արտահայտվում են՝ աշխատատեղերի կորուստ, մեծ թվով բիզնեսներ, հատկապես փոքր ու միջին, փակվում են: Սահմանները բացվելուն պես մարդիկ գնալու են, որով ամենամեծ հարվածը կհասցվի մեր տնտեսությանը, քանի որ այդ մարդիկ Հայաստանից դուրս գալով՝ եկամուտ, արդյունք չեն ստեղծի, ավելի մեծ խնդիրներ կառաջանան Հայաստանի տնտեսության համար:
Դրամի արժեզրկման հետևանքով հնարավոր է ունենանք էներգակիրների գների աճ, արդեն իսկ ունենք: Մասնավորապես, բենզինի, դիզելային վառելիքի, հեղուկ գազի դեպքում ունենք բարձրացում, իսկ սեղմված գազի համար, որը բնակչությունն է սպառում, հնարավոր է նաև սակագնի վերանայում, քանի որ սակագնի հաշվարկի ժամանակ դոլարի փոխարժեքը եղել է 490 դրամ, հիմա անցել է 520-ը: «Գազպրոմ Արմենիան» կարող է հայտ ներկայացնել գազի սակագնի վերանայման վերաբերյալ: Պետք է ռուսական կողմի հետ բանակցեն, որ հունարի 1-ից սահմանի վրա գոնե իջեցվի գազի գինը:
Սրանք քայլեր են, որոնք համալիր պետք է արվեն: Մեկ անձի անելիք չէ, պետական կառավարման ինստիտուտները զուգահեռ, ներդաշնակ պետք է աշխատեն:
Panorama.am - Ելքը տեսնում եք կառավարության հրաժարականը, տնտեսական նոր քաղաքականությունը:
Ս.Պարսյան - Կառավարությունը, տնտեսական, ֆինանսական թիմը ձախողել է, ի վիճակի չեն խնդիրները ձևակերպել, դրանց համապատասխան լուծումներ առաջարկեն: Դրանք ուղղակի 2,5 տարի վայելել են իրենց բարձր աշխատավարձերը՝ ոչինչ չստեղծելով, ոչինչ չանելով մեր երկրի, տնտեսության, ազգաբնակչության համար: Զուգահեռաբար պարտք են կուտակել այս 2,5 տարվա ընթացքում:
Panorama.am - Կառավարությունը չի ուզում գնալ, բայց ի՞նչ է հնարավոր ապագայում։
Ս.Պարսյան - Ոչ երնեկ մնացող, եկող կառավարությանը: Սոցիալական խնդիրները ոչ այս, ոչ հաջորդ կառավարության ժամանակ բոլորը չեն լուծվելու: Ուշ թե շուտ լինելու են սոցիալական բունտեր, խռովություններ: Մարդիկ գնալու են, կառավարությունից պահանջելու են իրենց կորուստները: Օր-օրի ավելանալու է այս անարդարության զգացումը: Այս իշխանություններին նույնիսկ չի փրկելու հների թալանը վերականգնելու ուղերձներն ու խոսքերը, քանի որ հներից շատերն արդեն 2,5 տարում իրենց կապիտալները Հայաստանից դուրս են տարել: Այս 2,5 տարում չկարողացան նույնիսկ այդ գումարները վերադարձնել:
Հարակից հրապարակումներ`
- Թաթուլ Մանասերյան. Քաղաքական այս թիմը պետք է հեռանա, քանի որ շատ լուրջ նյութական վնաս է հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին
- Դոլարի վաճառքի գինը հասել է 525 դրամի
- Մենք օրական կորցնում ենք 40 մլն դոլար, իսկ իշխանությունը ճշմարտությունն ասելու կամք չունի. Մելքումյան
- Հայաստանում դոլարի վաճառքի գինը հասել է 512 դրամի
- Տնտեսագետ. Ներդրողները խուսափում են երկարաժամկետ ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան