Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որևէ մեկի աթոռակռվին. ոսստիկանության սպա
Ոստիկանության սպա Վանիկ Պարույրյանը գրում է.
«Հարգելի գործընկերներ,
Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։
Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն մեր Հայրենիքի։ Ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում, փորձել ենք հնարավորինս արդար և անկողմնակալ կատարել մեր ծառայողական պարտականություններն ու օրենքով վերապահված մեր լիազորությունները և շարունակելու ենք նույն կերպ, ինչ էլ որ լինի։
Սակայն ներկայումս մենք բոլորս, ինչպես և մեր հայրենակիցները, կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան թուրք-ադրբեջանական ահաբեկչական տականքների կողմից հրահրված, պարտադրված պատերազմի ժամանակ, որի ընթացքում մենք բոլորս կորցրել ենք լավագույն մարդկային հատկանիշներով օժտված մեր ՀԵՐՈՍ ընկերներին և հարազատներին։
Ներկայիս մարտահրավերը ոչ պակաս սթափություն, պատասխանատվություն և համախմբվածություն է պահանջում յուրաքանչյուրիցս, ուստի պետք է լինենք առավել զգոն, պատասխանատվության բարձր զգացումով, գիտակցենք մեր առաջ դրված խնդիրները և պատվով կատարենք դրանք, չէ որ մեզնից է մեծամասամբ կախված մեր Հայրենիքի անվտանգության երաշխիքը։
Ես հասկանում եմ մի պարզ բան.
Այսօր մեր երկիրը բաժանված է երկու տարբեր ճակատների, որոնցից յուրաքանչյուրը վստահ է իր դիրքորոշման մեջ և պատրաստ է իր գաղափարի համար պայքարել մինչև վերջ։
Այդ պայքարն, իմ անձնական կարծիքով, կարող է, և սպառնում է երկրի ներքին և արտաքին անվտանգությանը, ուստի իմ կոչն է և իմ բոլոր ծառայակից ընկերներիս և բոլոր հայրենակիցներիս, թույլ չտալ իրադարձությունների նմանատիպ զարգացմանը, իսկ ստեղծված իրավիճակը լուծել բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, այլ ոչ թե որևէ մեկի էմոցիոնալ և ոչ սթափ որոշումներով։ Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որևէ մեկի աթոռակռվին, այլ իմ նպատակն է թույլ չտալ մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող պայթունավտանգ իրավիճակներ և թող ՀԱՅ-ը որոշի իր ապագան, այլ ոչ թե որոշակի անձանց շրջանակ։
Ես, իմ կամքով, աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել` հույս ունենալով, որ իմ խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին, մենք կհամախմբվենք, յուրաքանչյուրս կդրսևորի բարձր պատասխանատվության զգացում և իր լուման կներդնի մեր Հայրենիքի խաղաղ և արժանապատիվ ապագան կառուցելու գործում։
ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ...»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են
- Ոստիկանության աշխատակիցը լքում է համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան