Կարմիր բերետավորները բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին
ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները Կառավարության շենքից շարժվեցին դեպի Տիգրան Մեծի պողոտա, և փակեցին Հանրապետության Հրապարակ-Տիգրան Մեծ ճանապարհը։
Նրանք, շարժվելով դեպի Տիգրան Մեծի պողոտա, վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Սակայն կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով ճանապարհից հեռացնել քաղաքացիներին, ոմանց նաև բերման ենթարկեցին։
Միևնույն ժամանակ, քաղաքացիները, դիմելով ոստիկաններին, հորդորում էին՝ չտանել ակցիայի մասնակիցներին.
«Մի տարեք, թողեք։ Հող ենք կորցրել, հայրենիք ենք կորցրել։ Հետո զղջալու եք»։
Բայց, ոստիկանները անդրդվելի էին, նրանք ևս մեկ անգամ հորդորեցին քաղաքացիներին՝ բացել ճանապարհի երթևեկելի հատվածը։ Նրանք նաև լրագրողներին կոչ արեցին՝ բարձրանալ մայթ։ Իսկ չհնազանդվողներին բռնի ուժով հեռացրին ճանապարհից։
Ոստիկանների կոչերին և քայլերին ուղեկցեց քաղաքացիներից մեկի խոսքը. «Երիցս անիծվեք»։
Այնուամենայնիվ, րոպեներ անց Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհի երթևեկելի հատվածը ոստիկաններին հաջողվեց բացել։
Հարակից հրապարակումներ`
- Շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզը. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ դիմաց
- Մյասնիկյան պողոտայում խաղաղ ակցիայի ժամանակ ջարդվել է ցուցարարի ոտքը