Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը չխոսեց Արցախի հիմնախնդրից
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի քննարկման հիմնական թեմաներն են կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը և ԵԱՏՄ գործունեության արդիական խնդիրները:
Իր ելույթի սկզբում Նիկոլ Փաշինյանը ջերմորեն ողջունեց նիստին մասնակցող Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր քարտուղար Նուրսուլթան Նազարբաևին: Նա արդյունավետ գնահատեց Բելառուսի նախագահությամբ 2020 թվականի Միության կատարած աշխատանքները:
Նկատելով, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ դժվարություններ ստեղծելով հանդերձ մերձեցրել է Միության անդամներին՝ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին և հատկապես Ռուսաստանին ցուցաբերած օգնության համար:
«Մենք շնորհակալ ենք այն անգնահատելի օգնության համար, որը ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը համաճարակի տարածման հակազդման և այս տարի մեր առաջ ծառացած սպառնալիքների դեմ պայքարի համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ Միության հետ սահմաններ չունենալը ստեղծում է տնտեսական դժվարություններ Հայստանի համար և ընդգծեց նաև անդամ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի գործոնը:
Շեշտելով, որ Հայաստանն առաջ է քաշում մաքսային գործընթացների պարզեցում ենթադրող կանաչ միջանցքների նախաձեռնությունը՝ ՀՀ վարչապետն առաջարկեց խթանել տնտեսական կապերը ինչպես միության ներսում այնպես էլ այլ պետությունների հետ:
Նա կարևորեց նաև Իրանի հետ 2018 թվականին ձեռք բերված ժամանակավոր համաձայնության ուղղությամբ աշխատանքների շարունակումը:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանն առաջնային է համարում «Մինչև 2025 թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» վերջնական համաձայնեցումը:
Միության երկրների միջև էներգետիկ քաղաքականության համադրման անհրաժեշտությունը շեշտելով՝ նա նկատեց. «Կարծում ենք, որ միասնական գազի շուկայի ստեղծումը հանդիսանում է Միության շրջանակներում ինտեգրացիայի անբաժանելի մասը»: Փաշինյանը հաջողություններ մաղթեղ ղազախստանին, որը 2021 թվականին ստանձնելու է Միության նախագահությունը:
Նիստը վարող Ալեքսանդր Լուկաշենկոն նկատեց, որ Հայաստանը բարդ ժամանակներ է ապրում և հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա ստեղծված իրավիճակից: