ԵՄ առաջնորդներն ընդլայնել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշեցին ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության մեջ, որն անցկացվում է Բրյուսելում:
«ԵՄ-ն հավատարիմ է միության և անդամ պետությունների շահերը պաշտպանելուն, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը պահպանելուն: Այդ կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին ընդունել լրացուցիչ սև ցուցակ` հիմնված Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով 2019 թ. նոյեմբերի 11-ի որոշման սահմանափակող միջոցների վրա»,- նշվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, ԵՄ ղեկավարները դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին հանձնարարել են 2021 թվականի մարտի գագաթնաժողովին ներկայացնել Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ:
«Գագաթնաժողովը գերագույն ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին հանձնարարում է ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի մարտը, ներկայացնել ԵՄ-ի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի մասին զեկույց, ինչպես նաև՝ հետագա գործողությունների գործիքներ և տարբերակներ, ներառյալ վերոհիշյալ որոշման շրջանակի ընդլայնումը »,-ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում շեշտվում է, որ Թուրքիան շարունակում է իր միակողմանի և սադրիչ գործողությունները, ինչպես նաև ուժեղացրել է իր հռետորաբանությունը ԵՄ, ԵՄ անդամ երկրների և եվրոպական առաջնորդների դեմ: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն հաստատել է իր ռազմավարական հետաքրքրությունը Թուրքիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում և նշել, որ Անկարայի համար դրական օրակարգի առաջարկը դեռ ուժի մեջ է: «Նման օրակարգը կարող է ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տնտեսությունը և առևտուրը, հասարակությունների միջև շփումները, բարձր մակարդակի երկխոսությունն ու համագործակցությունը միգրացիայի հարցի շուրջ: Եվրոպական խորհուրդը շեշտում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև կապի ուղիները պահպանելու կարևորությունը»,-ասվում է փաստաթղթում:
ԵՄ-ն խոստացել է շարունակել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային սիրիացի փախստականների հարցով, ինչպես նաև համագործակցել միգրանտների ապօրինի տեղաշարժի ցանցերի դեմ պայքարում:
Գագաթնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը մտադիր է Թուրքիայի վերաբերյալ իր գործողություններն ու որոշումները համաձայնեցնել ԱՄՆ իշխանությունների հետ: «Եվրամիությունը ձգտելու է ԱՄՆ-ի հետ համակարգել Թուրքիային և Միջերկրական ծովում իրավիճակին վերաբերող հարցերը»,-ասվում է այնտեղ: