«Ժողովուրդ». Նորանշանակ ԿԳՄՍ նախարարը ասել է, որ ինքն իր աշխատանքը սկսելու է իր կետից ու Արայիկ Հարությունյանի գիծը իրեն չի գոհացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարը իմքայլականներին ասել է, որ ինքն իր աշխատանքը սկսելու է իր կետից ու այն գիծը, որը տարել է նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իրեն չի գոհացնում։
Մասնավորապես, նախարարը նշել է, որ Հարությունյանը «Հայ գրականության» դասագրքից երբ հեռացրել է «հայ» բառը, ինքը պատրաստվում է վերականգնել: Նա նաև հայտնել է, որ կրթության հայտնի չափորոշիչները վերանայելու է։ Դումանյանի այդ խոսքերը միանշանակ չեն ընդունվել խմբակցության որոշ պատգամավորների կողմից, սակայն նախարարն անդրդվելի է մնացել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ փոխնախարարները ևս, այս կարճ ժամանակահատվածում աշխատելով Դումանյանի հետ, արդեն գոհունակություն են հայտնում նախարարի գործելաոճից, քանի որ եթե մինչև այս Արայիկ Հարությունյանը բոլոր որոշումները կայացնում էր դանդաղ, օրերով չէր կողմնորոշվում՝ ինչ անել, ինչն էլ հետագայում վատ հետևանքներ էր ունենում, ապա Դումանյանը դա անում է շատ արագ, հստակ ու պարզ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: