Լիա Իվանյան. Ստախոսների եռյակը
Ի՞նչ է միավորում Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին․․․ նրանք երեքն էլ իրականությունը տեսնում և ներկայացնում են այնպես, ինչպես տվյալ պահին ձեռնտու է իրենց։ Առաջին երկուսի դեպքում կասեինք՝ իրենց երկրի ու իրենց ազգաբնակչության պրոբլեմն է, մեր պատուհասն էլ մեզ հերիք է։ Հաստա՛տ կասեինք, եթե նրանց խեղաթյուրած իրականությունը հենց մեզ չառնչվեր։ Ուղղակի ողբերգությունն այն է, որ այդ եռյակից յուրաքանչյուրի ցանկալի աշխարհընկալումը հարվածում է Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։
44-օրյա պատերազմը, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններն ակներև են դարձնում հետևողականորեն ու մանրակրկիտ մշակած ծրագրի առկայությունը։ Մանկամիտ պետք է լինենք չգիտակցելու համար, որ պետությունն իր անձի հետ նույնացրած ներքին թշնամին՝ գերագույն դավաճանը, շահարկելով բանակի ու զինվորի հանդեպ ունեցած հայության հավատն ու աջակցությունը՝ ստորագույն մանիպուլյացիաներով ծախեց պատերազմը։ Եվ դա դեռ վերջը չէ, որովհետև երկրի ղեկին դավաճան ունենալը նշանակում է, որ քանի դեռ նա չի կալանավորվել՝ մեր պետությանն ամեն ժամ նորանոր վտանգներն են սպառնում։
Եթե պատերազմից առաջ հայավարի հակված էինք քամահրել Ալիևի հոխորտանքները, ապա այսօրվա իրականությունը ստիպում է ամենայն լրջությամբ վերաբերվել անգամ Սևանին ու Երևանին առնչվող նրա ֆանտաստիկ երազանքներին․․․ իհարկե, ինչքան որ աթոռին կպած մնա նրա հայ գործընկերը, ով և տվեց նրան հայ ու Հայաստան ծաղրելու իրավունքը։
Էրդողանի «սիրտը փառավորվում է» Շուշիի գեղեցկությունից և նա հայերին նոր հնարավորությունների ուղիներ է խոստանում․․․ Հեքիաթներիդ հավատացող չկա, միջազգային ավանտյուրիստ։ Ոչ էլ յաթաղանդ կթաքցնես ճոռոմ խոսքերիդ հետևում։ Մի քանի դավաճանների ու սորոսականների թրքասիրությունն ու փողամոլությունն այնքան են հեռացրել իրականությունից ոչ բարով մեր հարևաններին, որ նրանք կարծում են թե հավաքական հայությունը կհավատա թուրքի շողոմությանը։ Սյունիքը կմնա ձեր կոկորդում, ինչպես որ միշտ է եղել։
Հա, մի բան էլ է միավորում այդ երեք հակահերոսներին՝ անսահման շահամոլությունը, ամբարտավանությունը և առանց աչք թարթելու ստելու շնորքը․․․ իրենց շահի համար ծաղր էլ կհանդուրժեն, այլ պետությունների և սեփական ժողովրդի դժգոհությունն էլ կանտեսեն։ Պարզապես, եթե հաղթող երկրում դա մի որոշ ժամանակ կարող է աշխատել, ապա պարտված երկիրը օր ավելի չի ուզում և պարտավոր չէ հանդուրժել զոհերի արյունը վաճառած դավաճանի ղեկավարությունը։ Մինչդեռ, բավական չէ, որ մերժված ղեկավարը ինքնակամ հաժարական չտվեց, ավելին՝ ամեն կողմից հնչող հրաժարականի կոչերը խլացնում է ոստիկանական պատնեշներով։
Բայց չէ որ ոստիկաններն էլ հայ են, նրանցից շատերը մասնակցել են պատերազմին և իրենք էլ գիտակցում են, որ վարչապետի աթոռին կպածը շատ ավելի ընդհանրություններ ունի Էրդողանի ու Ալիևի հետ, քան Արցախի հսկայական տարածքի ու զոհված հայորդիների կորստից մորմոքվող հայի հետ։ Այնպես որ չես իմանա, թե բումերանգը որ կողմից կխփի։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Անփառունակ երկամյակ
- Երբ դավաճանը տանից է
- Ո՞վ որոշեց․․․
- Բավական է կույր ձևանալ
- ՀՀ՝ Համակենտրոնացված Հայաստան
- Օտարները պետք է հեռանան
- Յուրաքանչյուրիս՝ իր հիվանդասենյակը