Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մի քանի ամիս ևս պաշտոնավարել. Տոնոյան
«Մեր պայքարն ընթացքի մեջ է, և ես առավել քան վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա և շարունակի պաշտոնավարել։
Պատգամավորի խոսքով, Փաշինյանի հրաժարականը ազգային անվտանգության հարց է։ Ըստ նրա, այսօր, երբ Արցախի տարածքի 75%-ի կորստից հետո վտանգված են նաև ՀՀ տարածքային անվտանգությունը, և սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի բնակիչների ճակատագրերը, Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդիսանալ ՀՀ ազգային անվտանգության երաշխավոր։
«Եվ մեր պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրված բոլոր եղանակներով՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի մոտ առաջանալու է գիտակցում, որ իր հեռացումն այլընտրանք չունի, քանի որ այս դեպքում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը հղի է բազմաթիվ տնտեսական հետևանքներով. մեր երկրի հանդեպ չկա միջազգային գործընկերների վստահություն, չեն լինելու ներդրումներ, որևէ երկիր ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու ՀՀ գործող իշխանություններին»,- ներկայացրեց Իվետա Տոնոյանը։
Նա նշեց՝ բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մի քանի ամիս ևս պաշտոնավարել.
«Այսօր չկա որևէ այլ քաղաքական օրակարգ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումն ու անցումային կառավարության ստեղծումը»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հավելեց, որ այս իշխանությունները ողջ հայության գիտակցության մեջ արդեն հեռացել են։
«Համոզված եմ, որ իրենք էլ են դա հասկանում, այստեղ խնդիրը միայն դեյուրե ձևակերպումն է, քանի որ դեֆակտո մենք իշխանություն չունենք։ Եվ համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել մի քանի ամիս ևս պաշտոնավարել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Էրդողանի և Ալիևի երեկվա հայտարարություններին, ապա Իվետա Տոնոյանը նշեց, որ անասելի ամոթի ու ցավի զգացողություն են առաջացրել այդ հայտարարությունները։
«Բայց ավելի ցավոտ էր, որ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչներն ավելի շուտ արձագանքեցին Ադրբեջանի ստորացուցիչ հայտարարություններին, քան ՀՀ պատկան մարմինները։ Ես ցավում եմ, որ շուրջ 8 ժամ պահանջվեց, որպեսզի ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքի այդ հայտարարություններին։ Ընդդիմության ամեն հայտարարությունից հետո վարչապետը աճապարում է մտնել լայվ և արձագանքել բոլոր հնարավոր թեզերին, բայց հետպատերազմյան շրջանում որևէ անգամ չի ունեցել համարձակություն՝ արձագանքելու Ալիևի որևէ ստորացուցիչ հայտարարության»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- 6 ամսից տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. Էդմոն Մարուքյան
- Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժողովրդի մի մասն են. Թունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին