Մարուքյան. ԱԽ նիստում Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվել
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Արցախի Հադրութի շրջանի գյուղերի վրա ադրբեջանական զինուժի կողմից հարձակման հարցը։ Նիստի մասնակից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ խոսել են իրավիճակի ու անելիքների մասին։ Նրա խոսքով, մարտական գործողությունների հետևանքով կան վիրավորներ, ճշտվում է՝ արդյոք կա՞ն զոհեր։
«Այս պահին այդտեղ կան ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք չեն եղել նախկինում, հույս ունենք, այսուհետ կլինեն։ Երկու գյուղի մասին է խոսքը, մի գյուղը վերցրել են ադրբեջանցիները, մի գյուղը՝ կիսատ-պռատ»,-ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով, նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության առաջին կետը խախտվել է։
Մարուքյանն ասաց, հայկական կողմը կռիվ է տվել, սակայն տեղեկություն կա, որ գործողությանը մասնակցել են թուրքական հատուկ ջոկատայիններ։
Նա նաև նշեց, որ նիստում Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվել, Արցախի անկախության ճանաչման հարց՝ նույնպես։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Ն.Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
- Մեծ Շենը և Հին Շենը ոչ թե Հադրութի, այլ Շուշիի շրջանում են. Էդիկ Բաղդասարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ին
- Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում Արցախի տարածքների դեօկուպացիան. ՀՀ ԱԳՆ
- ՊՆ. Հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, մոտենալ Խծաբերդին, կան վիրավորներ
- Արմեն Սարգսյանը՝ ԱԳՆ-ին ու ՊՆ-ին. Անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը
- ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հադրութում հրադադարի խախտման փաստը
- Ծովինար Բարխուդարյան. Կատարոն էլ տվեցին
- ՊԲ. Դեկտեմբերի 11-ին Հադրութի հատվածում հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան